Հրազդանի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Աշոտ Սարգսյանի «Նամակ մորը» ֆիլմը նկարելու շարժառիթը կիսախարխուլ պատերով ավերված շենքն է եղել, ֆիլմը Հայաստանի այսօրվա վիճակի մասին է, ինչպես ռեժիսորն է ասում՝ նամակ մայր հայրենիքին։

«Կիսախարխուլ պատերով ավերված շենքը տեսնելով, սկսեցի մտածել, թե ինչպիսին է մարդն այդ պատերի ներսում: Հասկանալով նրա պարկեշտությունը, նվիրվածությունը, հերոսականությունը, սերը հայրենիքի հանդեպ՝ հարց ծագեց՝ մարդը բարեխղճորեն կատարում է իր պարտքը երկրի հանդեպ, իսկ ինչպե՞ս է երկիրը վերաբերվում մարդկանց, ինչպե՞ս է երկիրն ունենում սեփական պատմության զգացումը»,- NEWS.am-ին պատմեց ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմի վերնագիրը, ըստ ռեժիսորի, պատահական չի ընտրված. այն նամակ է մայր հայրենիքին, իսկ ֆիլմում նկարահանված 4 անձիք ոչ թե խաղում են ֆիլմում, այլ ապրում կյանքն այնպիսին, ինչպիսին իրականում կա:

36 րոպեանոց ֆիլմը նկարահանվել է Հրազդանում՝ 2013թ. հունվարին, ընդամենը 6 օրում։

Աշոտ Սարգսյանը, որը նաեւ ֆիլմի սցենարիստն է, պատմեց, որ ֆիլմը նկարահանվել է նվազագույն ֆինանսական միջոցներով՝ ինքնաշեն լուսավորության սարքեր, միայն մեկ տեսախցիկ և մեծ ցանկություն ֆիլմ ստեղծելու համար: Հենց այդ ամենն էլ, ըստ ռեժիսորի, իրեն օգնել է ֆիլմը հնարավորինս բնական ներկայացնել:

«Երբ նկարում էինք, չէինք մտածում որևէ տեղ ներկայացնել, բայց երբ արդյունքը տեսանք, մտածեցինք, որ հնարավոր է։ Ներկայացրինք և հաջողության հասանք»,-ասաց Աշոտ Սարգսյանը: Նշենք, որ մայիսի 13-ին, Ազգային կինոյի երրորդ «Հայակ» մրցանակաբաշխությանը «Նամակ մորը»  ֆիլմը  ճանաչվեց  վավերագրական ժանրի  տարվա լավագույն  ֆիլմ: Ֆիլմը ներկայացվել է նաև « Ոսկե ծիրան» միջազգային փառատոնին:

Ֆիլմում նկարահանված բանաստեղծ Հակոբ Հարությունը, խոսելով ֆիլմի հաջողության գրավականի մասին, նշեց, որ այն մեր ժամանակների վավերագրությունն է , բայց այնքան գեղարվեստորեն այնքան բարձր մակարդակի է պատրաստված, որ կարծես ոչ թե վավերագրական, այլ գեղարվեստա-վավերագրական ֆիլմ լինի։

«Ֆիլմը ներկա սոցիալական, ինչու չէ նաև հասարակական երևույթների, իրավիճակների, առաջին հայացքից թվացյալ, նատուրալ արտացոլումն է: Ֆիլմում կենսունակության թախիծն ու խինդը միահյուսված են ոչ թե սև ու սպիտակով, այլև գունային մեծ ասպեկտով, որն էլ հենց մեր կյանքն է՝ իր վեր ու վարով»,-ասաց Հակոբ Հարությունը:

Ըստ բանաստեղծի՝ ֆիլմում կա փաստ, կարոտ, երազ, հավատ, իրատեսություն, որն էլ ստեղծել է այս նամակը մայր հայրենիքին: