«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի թաքցնում, որ ոչ իշխանական եռյակի մեջ լուրջ տարաձայնություններ կան, սակայն ինքն այդ տարաձայնությունները դիտարկում է որպես ազատ խոսքի եւ բազմակարծության դրսեւորում:

«Ժառանգության» առաջնորդը Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում կրկին վերահաստատել է իրենց դիրքորոշումը, որ իրենք դեմ են Եվրասիական տնտեսական միությանը: «Մենք դեմ ենք Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը, եւ համարում ենք, որ Սերժ Սարգսյանը իր առ ոչինչ ստորագրությամբ Հայաստանը տանում է կործանման»,- նշել է Հովհաննիսյանը: Այսկերպ նա պատասխանել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ով նրանից առաջ ելույթ էր ունեցել՝ նշելով, թե դա անշրջելի է, իսկ ընդդիմացողները ջղաձգվողներ են:

«Մինչեւ Հայաստանը միանա որեւէ միության, սայուզի, եվրասիական լինի, թե Եվրոպական, ինչ էլ լինի, ես համաձայն չեմ, որ անշրջելի է: Հայաստանը պետք է մտնի միայն Արցախի անկախությունը ճանաչած: Չնայած մեր անցյալ տարաձայնություններին, մենք կոչ ենք անում քաղաքական եւ քաղաքացիական բոլոր ուժերին միավորվել մեր երկիրը փրկելու, եւ սահմանադրության կարգը վերականգնելու համար»,- նշել է Րաֆֆի Հովհաննիսյանը

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, թե ազատամարտիկները ցանկանում են նստացույց սկսել Ազատության հրապարակում: Որոշում կայացնելու իրավունքը նա թողեց Գագիկ Ծառուկյանին:

Նշենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանից առաջ ելույթ էր ունեցել ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով ԵՏՄ-ի անդամակցությանը դեմ խոսացողներին մասին ասաց հետեւյալը. «Տեսանելի ապագայում մեր երկիրը ապրելու եւ կենսագործելու է ԵՏՄ-ի շրջանակներում, հետեւաբար, տվյալ իրողության հետ կապված ցանկացած ջղաձգում այլեւս անիմաստ, ուշացած եւ վնասակար է»: