«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթը հոկտեմբերի 24-ի հանրահավաքում (ֆոտոռեպորտաժ

«Ակնհայտ է, որ երկիրը գտնվում է ծանրագույն վիճակում: Վերջին տարիներին Հայաստանի տնտեսությունը հասցվել է կաթվածահար վիճակի: Որպես հետեւանք՝ մենք այսօր ունենք աղքատության ահռելի մակարդակ եւ արտագաղթի վտանգավոր ցուցանիշներ:

Օրեցօր խորացող քաղաքական մենաշնորհը էլ ավելի է սրել երկրում առկա անվստահությունն ու անհանդուրժողականությունը: Ձախողումները  համատարած են` տնտեսություն, ներքին քաղաքականություն:  Ակնհայտ են անհաջողությունները նաեւ արտաքին քաղաքական ոլորտում:

Այսօր իշխանությունը չի առաջարկում երկրի զարգացման եւ առողջացման որեւէ խելամիտ եւ հավատ ներշնչող ծրագիր: Դա նշանակում է, որ մարդկանց կյանքն ավելի՛ է վատանալու: Ու հենց այս պահին իշխանությունն առաջ է քաշում սահմանադրական փոփոխությունների իր գաղափարը, որպեսզի վերարտադրվի եւ շարունակի Հայաստանը կառավարել նույն մեթոդներով ու նույն մարդկանցով: 

Դուք համաձա՞յն եք իշխանության նման քայլերի հետ: 

Այս վճռական պահին ժողովուրդն իր վերաբերմունքը պետք է հստա՛կ արտահայտի: Մենք`  երեք քաղաքական ուժերս,  գիտակցում ենք այն լրջագույն պատասխանատվությունը, որը ստանձնել ենք.

Ես, որպես ԲՀԿ նախագահ վստահեցնում եմ, որ ձեզ հետ միասին մենք իրացնելու ենք հանրային համաժողովրդական պահանջը:

Հայաստանը զարգացման եւ վերելքի ուղու վրա դնելու համար  անհրաժեշտ է նոր որակի  իշխանություն եւ նոր քաղաքականություն: Դուք համաձա՞յն եք:

Կյանքն այսօր պարզապես պարտադրում է գնալ արմատական  փոփոխությունների: Հայաստանում փոփոխություններն անխուսափելի են: Դրանում չկա ոչ մի կասկած:

Մեր  հստակ դիրքորոշումը հետեւյալն է` մենք  կողմ ենք խաղաղ, անցնցում  իշխանափոխության: Ես, իմ ղեկավարած կուսակցությունը եւ իմ գործընկեր կուսակցությունները պատրաստ ենք ցանկացած սցենարի: Մենք մայդանի կոչ չենք չանում, բայց ես արդեն ասել եմ, որ մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը, ժողովրդի թշվառությունը եւ ամեն գնով վերարտադրվելու իշխանության ծրագիրը:

Պատմական փոփոխությունների այս փուլում շատ կարեւոր է մեծացնել համաժողովրդական համախմբման  ծավալը: Ոչ ոք Հայաստանում չպետք է մնա դիտորդի դերում. սա բոլորի՛ս գործն է:

Լուրջ անելիք  ունի նաեւ  սփյուռքը: Պետք է վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունների ողջ համակարգը: Սփյուռքի քաղաքական եւ տնտեսական հսկայական ներուժը պետք է վերջապես օգտագործվի մեր երկրում: Ես դիմում եմ սփյուռքի մեր համայնքների ղեկավարներին եւ հեղինակավոր գործիչներին: Հայաստանն ունի՛ ձեր կարիքը: Միասի՛ն ստեղծենք իրական աշխատանքների մեխանիզմներ: Ես պատրաստ եմ այս հարցում դառնալ թե՛ կազմակերպիչ, թե՛ նախաձեռնող:

Հաջողության համար չափազանց կարեւոր է նաեւ ներքին մթնոլորտը:

Ես, այս հարթակին կանգնած, որպես երկրի առաջատար քաղաքական ուժի ղեկավար, ուզում եմ հայտարարել.  Բարգավաճ Հայաստանը երկրի ներսում չունի թշնամիներ: Երկրին պետք չէ ներքին թշնամանք:

Եվ երկրորդ` անկախ բոլոր քաղաքական փոփոխություններից` պետական համակարգը իրեն պետք է զգա պաշտպանված եւ աշխատի հանդարտ ու կայուն մթնոլորտում: Մարդու քաղաքական դիրքորոշումը որեւէ ազդեցություն չպետք է ունենա նրա աշխատանքի, սոցիալական պաշտպանվածության, ունեցվածքի եւ անձի անձեռնմխելիության վրա: Ես պատրաստ եմ դառնալ դրա երաշխավորը:

Որեւէ մեկի մոտ կասկած չպիտի լինի, որ Հոկտեմբերի տասից մեկնարկած համաժողովրդական շարժման այս ալիքով  մենք հասնելու ենք մեր նպատակների իրականացմանը:

Արձանագրենք, որ սահմանադրական փոփոխությունների խնդիրը  հետաձգվեց ժողովրդի ճնշման  շնորհիվ: Դա նշանակում է, որ համաժողովրդական ճնշումը պետք է է՛լ ավելի մեծացվի, եւ որ առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու:

Եվ ես հիմա ուզում եմ հայտնել մի շատ կարեւոր որոշման մասին.

Այսօրվանից սկսած՝ մենք ողջ Հայաստանում սկսում ենք համաժողովրդական շարժման միասնական շտաբերի ձեւավորումը` ցանկացած պահին ժողովրդին մոբիլիզացնելու համար:   Դրանք դառնալու են  մշտական գործող միավորներ բոլոր բնակավայրերում` համախմբելով  ոչ իշխանական ուժերին, մեզ համախոհ արտախորհրդարանական բոլոր կուսակցություններին, հասարակական եւ քաղաքացիական շարժումներին, ողջ ժողովրդին: Ես կարեւորում եմ յուրաքանչյո՛ւր քաղաքացու ակտիվ մասնակցությունն ու դերակատարումը: 

Մենք պարտավոր ենք  այս  նոր ձեւավորվող հզոր շարժմանը տալ կառուցվածքային եւ կազմակերպչական լուծումներ:

Մենք շատ ժամանակ չունենք:

Անհրաժեշտ  են այս խոր, ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքեր.

Պետք է կոտրել երկրում քաղաքական մենաշնորհը: Ճանապարհը հստակ է` ամենասեղմ ժամկետներում գնալ ընտրական օրենսգրքի փոփոխությունների, վերացնելով մեծամասնական ընտակարգը` գնալ ընտրությունների: Սա թույլ կտա երկիրը չտանել ցնցումների, խուսափել մայդաններից, եւ համատեղ ջանքերով սկսել լուծել երկրի եւ ժողովրդի առաջ կանգնած լրջագույն խնդիրները:

Իսկ մինչ այդ,  հաշվի առնելով   ժողովրդի օրհասական վիճակը եւ գոյություն ունեցող լրջագույն խնդիրները, մենք վերահաստատում ենք մեր պահանջը`   ռացիոնալ քննարկումների  դաշտում,  հստակ ժամանակացույցով  լուծել այդ խնդիրները:

Սա՛ է այս իրավիճակից դուրս գալու գրագետ , օպտիմալ ճանապարհը:

Իսկ եթե իշխանությունը շարունակի անտեսել եւ մերժել համաժողովրդական շարժման արդարացի պահանջները, ապա մենք`  երեք քաղաքական ուժերով, մեզ համախոհ այլ քաղաքական ուժերով եւ առավել լայն համախմբված ժողովրդական շարժմամբ, փողոցում եւ հրապարակներում կանգնած  հարյուր հազարներով  կպարտադրենք  իշխանափոխություն, նոր իշխանության ստեղծում եւ արտահերթ ընտրություններ:

Մեր գործն արդար է. Աստված մեզ բոլորիս պահապան»: