Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը բացահայտելու համար քաղաքական կամք չկա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ի 15-ամյա տարելիցին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, որը երկարատեւ հիվանդությունից հետո առաջին անգամ էր այցելում որդու շիրիմին։
«Չեմ կարող ասել՝ ով կարող էր պատվիրատուն լինել։ Դատաքննությունը պիտի պարզեր, իմանային՝ ովքեր են պատվիրատուները, ովքեր էին դրա հետեւում կանգնած։ Թեկուզ եթե դրսի ուժերն են արել, բայց ներսի ուժերն էլ կողմնակից եղան։ Ժողովուրդն ասում է՝ գողը տնից չլինի, եզը երդիկից դուրս չի գա։ Իրենք պիտի մտածեին, որ էս երկրի գլուխը կտրում են, էս երկրի տերերն էին։ Եթե նրանք հիմա լինեին, երկիրը կապրեր խաղաղ, հանգիստ, բարգավաճ, բայց հիմա էսպես եղավ, ու ոչ մեկի էլ պետքը չենք»,-ասաց տիկին Գրետան՝ նշելով, որ Հոկտեմբերի 27-ը բացահայտելու համար քաղաքական կամք էր պետք։
Նրա խոսքով՝ անցած 15 տարիներն իր համար շատ դժվար են եղել առանց Վազգեն Սարգսյանի։
«Ինձ համար ցավի, մորմոքի, կսկիծի, ամեն ինչի տարիներ էին, առանց Վազգենի ապրելու տարիներ էին, որոնք շատ դժվար էի տանում, առանց իրեն ապրելը դժվար է, չեմ կարող ապրել, բայց էլի ապրում եմ։ Ինձ թվում էր՝ առանց Վազգենի մի շաբաթ էլ չեմ ապրի, բայց 15 տարի ապրում եմ էս վիճակով, էսի ապրել չի Վազգեն ջան, մեռնեմ ջանիդ»,-ասաց տիկին Գրետան։
Գրետա Սարգսյանի խոսքով՝ Վազգեն Սարգսյանը միշտ ասում էր՝ եթե մենք մեր երկրի անկախությունը, ազատությունը չկարողանանք պահել, կդառնանք աշխարհի հզոր երկրներից ցածր եւ չենք կարող նրանց հետ ոտք մեկնել. «Իսկ Վազգենի ժամանակ նրանք գիտեին արդեն, որ մենք ազգ ենք, որ մենք կարող ենք իրենց հետ ոտք պարզել, հիմա մնացինք դեմքից զրկված ազգ»։
Սպարապետ Վազգեն Սարգսյանի գերեզմանին ծաղիկներ դրեցին եւ տիկին Գրետային մխիթարեցին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
Հիշեցնենք, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչների խումբը՝ Նաիրի Հունանյանի գլխավորությամբ, ներխուժեց Հայաստանի ԱԺ նիստերի դահլիճ եւ դիմահար կրակոցներով սպանեց կառավարության եւ եւ խորհրդարանի անդամներին: Ահաբեկչության զոհ դարձան երկրի վարչապետ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների նկատմամբ դատավարությունը տեւեց երեք տարի (2001-2003): 6 ահաբեկիչները, այդ թվում նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրա քեռին՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը եւ Աշոտ Կնյազյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման: Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:
3 տարի տեւած դատավարությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ վեր հանել ահաբեկչության կազմակերպիչներին եւ մինչ օրս էլ հասարակությունը լուրջ կասկածներ ունի կազմակերպիչների մասով: Շատերը պնդում են, որ դրա թիկունքում կանգնած է եղել իշխանության այն հատվածը, որը ահաբեկչությունից հետո ամբողջությամբ տեր դարձավ երկրի իշխանությանը:











