Ֆրանսիացի հեծանվորդ Ֆրանսուա Գիսսին մրցույթում արագությամբ հաղթել է 560 ձիաուժ հզորությամբ Ferrari-ին: Գիսսին իր հեծանվին հրթիռային շարժիչ է ավելացրել՝ անհավանական արագության հասնելու համար: Ըստ «Ռոսիյսկայա Գազետա»-ի, YouTube-ում տեղադրված հոլովակն ընդամենը երկու օրվա ընթացքում շուրջ 2.5 մլն դիտում է ունեցել:

2013 թվականին հեծանվորդն իր երկանիվ ընկերոջ վրա հրթիռային շարժիչ էր տեղադրել եւ 6.7 վայրկյանում մինչեւ 285 կմ/ժ արագություն զարգացրել: Հիմա նա գերազանցել է սեփական ռեկորդը՝ հասնելով 333 կմ/ժ արագության: Արագության ցուցադրությունը կայացել է Ֆրանսիայի հարավային Circuit Paul Ricard մայրուղում:

«Եթե մենք հովանավորներ գտնեինք, իսկական հրեշ կստեղծեինք, այլ ոչ թե հեծանիվ: Այս դեպքում իմ նպատակը 2 վայրկյանից էլ պակաս ժամանակահատվածում 400 կմ/ժ արագություն զարգացնելն է: Հուսամ՝ ամեն ինչ կստացվի եւ շուտով կկարողանանք սկսել այն հավաքել»,- նշել է հեծանվորդը: