ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը, ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստականությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, կդիտի ցուցադրական պարապմունքները:
Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզում տեղակայված զորամասերից մեկի զորավարժարան, դիտել մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունը եւ խրախուսել ծառայության մեջ առավել աչքի ընկած զինծառայողներին:
















