Եվրասիական միության անդամակցելու դեմ բողոքող մի խումբ քաղաքացիների բողոքի ակցիան Սահմանադրական դատարանի մոտ այսօր՝ նոյեմբերի 14-ին, սկսվեց միջադեպով։
Ոստիկանները շղթա կազմած՝ Սահմանադրական դատարանի դիմացի մայթ հեռացրին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների՝ ասելով, որ իրենք չեն կարող Սահմանադրական դատարանի մոտ ակցիա անցկացնել։
Ակցիայի մասնակիցները չէին ենթարկվում, նրանք անընդհատ հետ էին գալիս դատարանի մոտ, իսկ ոստիկանները հետ մղում նրանց, որի արդյունքում քաշքշուք եղավ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ։
Նշենք, որ այստեղ են ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, վերլուծաբան, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը. ոստիկանության աշխատակիցները անգամ նրանց են հրում եւ չեն թողնում մոտենալ Սահմանադրական դատարանին։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ոստիկանները քիչ առաջ հրեցին եւ վայր գցեցին ակցիայի մասնակիցներին եւ մի քանի լրագրողի։
Նրանք բացականչում են «Ազատ, անկախ Հայաստան», «Ո՛չ պուտինիզմին», եւ իրենց հետ բերել են «Ոչ գաղութացմանը», «Ազատ, անկախ Հայաստան» գրությամբ պաստառներ։
ԱԻՄ ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական դատարանը ԵՏՄ-ին անդամակցելու թեմայի շուրջ հանրային քննարկում չի կազմակերպում, քանի որ վախենալու բան ունի։
«Այս փաստը հենց սկզբից հակատրամադրող է, Սահմանադրական դատարանը չի կարող, հանրային քննարկում չկազմակերպելով, արդարացի վճիռ կայացնել։ Ես ոչ մի ակնկալիք չունեմ ՍԴ-ից»,- նշեց Պարույր Հայրիկյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ում քննվելու է Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի սահմանադրականության հարցը։
Սահմանադրական դատարանի մոտ կանգնած են միայն զոհված զինծառայողների մայրերը, որոնք ցանկանում են մտնել դատարան։











