Հասարակությունը կարող է չանհանգստանալ, ապրանքների 10-15 տոկոս թանկացում չի լինի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքով՝ նման մտավախությունները չափազանցված են:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին մեկ շաբաթվա ընթացքում հայտնել իրեն, թե որքանով են թանկացել լայն սպառման ապրանքները:
Իր հերթին, ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը վստահեցրել է, որ գների մեծ տատանում չի սպասվում: 2014-ին ԿԲ-ն սպասում է գնաճ 4 տոկոսի սահմաններում, իսկ 2015-ին՝ 4+/- 1,5 տոկոս.
Երիցյանի խոսքով՝ իրավիճակը կայունացնելու համար գործարկվել են ֆինանսական քաղաքականության բոլոր հնարավոր գործիքները, այդ թվում լոմբարդային տոկոսադրույքները, արժութային մեխանիզմները, ռեպո տոկոսադրույքը եւ արժութային շուկայում ինտերվենցիաները:
Նա ընդգծել է, որ ԿԲ ակտիվները բավարար են արհեստական տատանումները մեղմացնելու համար:
«Ինչ վերաբերում է առեւտրային բանկերին, ապա նրանց կապիտալի բավարարության գործակիցը նույնպես բարձր է: Բանկերն ունեն եւ կանխիկ, եւ համապատասխան անկանխիկ դոլարային լիկվիդայնություն»,-ասել է Երիցյանը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին Հայաստանում դոլարի փոխարժեքը բարձրացավ 16 դրամով՝ հասնելով 433 դրամի: Դեկտեմբերի 3-ի դրությամբ՝ ԿԲ տվյալներով, դոլարի փոխարժեքը հասել է 442 դրամի:
Որոշ բանկերում փոխարժեքը հասնում է 445 դրամի, սակայն դրանց մեծ մասը դոլար է վաճառում միայն իր մշտական հաճախորդներին, որոնք արժութային հաշիվ ունեն: Իրականում փոխանակման կետերում դոլար կարելի է գնել միայն 455 դրամով:











