«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ, որոնք այսօր՝ դեկտեմբերի 8-ին, երթով գործարանից հասել են կառավարության շենքի մոտ, պահանջում են հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Նրանք ասում են, որ չեն հեռանա, մինչեւ Հովիկ Աբրահամյանի հետ չհանդիպեն։

«Մեզ բոլորիս աշխատանքային պայմանագրի դադարեցման վերաբերյալ ծանուցագրեր են ուղարկում, որոնք մենք չենք ստորագրի այնքան ժամանակ, մինչեւ մեր աշխատավարձերը չստանանք։ Ինչո՞ւ պետք է Տիգրան Սարգսյանի եղբայրը 47 մլն դրամը ստանա, գնա, իսկ մեզ ամիսներով աշխատավարձ չտան»,- վրդովված ասացին «Նաիրիտի» աշխատակիցները։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հավաքվածները «վարչապետ, վարչապետ», «ամոթ, ամոթ» են վանկարկում, պահանջում են պարտքերի մարում։ Քիչ առաջ կառավարության շենքից դուրս եկավ նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, որին նաիրիտցիները դժգոհության բացականչություններով ընդունեցին՝ ասելով, որ նրա հետ չեն ցանկանում խոսել, միայն վարչապետի հետ են պատրաստ խոսել։

Նշենք, որ գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներն այսօր վաղ առավոտյան հավաքվել էին գործարանի բակում։ Որքան էլ արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը փորձում էր համոզել նաիրիտցիներին երկու օր սպասել, մինչեւ ՄԻՊ-ին ուղղված նամակը պատրաստ կլինի, նրանք ոտքով շարժվեցին դեպի կառավարության շենք։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am