Հայաստանում քաղաքացիների հանդեպ հարգանք չկա, եւ թող ոչ ոք չբողոքի, որ ուրիշները չեն հարգում մեզ, քանի որ մեզ չեն հարգում մեր սեփական երկրում: Այս մասին Երեւանի Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ այս իրավիճակը պետք է փոխել, հասնել նրան, որ քաղաքացիներին սկսեն հարգել: Քաղաքական գործչի կարծիքով՝ երկրի ներսում քաղաքացիների հանդեպ հարգանքը ազդակ կլինի, որպեսզի Հայաստանի հետ հաշվի նստեն, եւ դա նաեւ կբերի ԼՂՀ միջազգային ճանաչման:

Ի պատասխան հարցին՝ որքա՞ն է մտադիր սպասել, մինչեւ խորհրդարանական եռյակը Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, երկրում իշխանափոխություն պահանջի, Հովհաննիսյանը նշել է. «Ես կսպասեմ եւ կպայքարեմ ձեզ հետ միասին՝ օրենքի երկրում ապրելու համար: Ես արդեն 25 տարի երկրում եմ, ես ոչ ոքի չեմ սպասի, բայց կսպասեմ այն պահին, երբ ՀՀ քաղաքացիները կհավաքվեն Ազատության հրապարակում  եւ իրավունքների վերականգնում կպահանջեն: Ես ներողություն եմ  խնդրում, եթե երկրի քաղաքացիներին հիասթափեցրել եմ, բայց միեւնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ հաջորդ հանրահավաքին Ազատության հրապարակը պետք է բազմամարդ լինի»:

Ըստ երեւույթին Հովհաննիսյանն ակնարկում էր «Ժառանգություն» կուսակցության վերջին՝ դեկտեմբերի 5-ի հանրահավաքի սակավամարդությունը: Ի պատասխան դիտարկմանը, թե Մարդու իրավունքների պաշտպանության երթին եռյակի առաջնորդներից միայն ինքն է ներկա, Հովհաննիսյանը նշել է. «Ես առաջնորդ չեմ, ես շարքային քաղաքացի եմ»: