Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված՝ ՀԱԿ-ի նախաձեռնած ամենամյա 7-րդ հանրահավաքում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ընդունվեց բանաձեւ, որը կարդաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։
Բանաձեւը, որը նա ներկայացրեց համաժողովրդական շարժման անունից, անդրադառնում էր մարդու իրավունքների բնագավառում Հայաստանում առկա խնդիրներին՝ ընտրական համակարգ, Մարտի 1, որի կազմակերպիչները, պատվիրողներն ու իրականացնողները դեռ չեն բացահայտվել, տնտեսական ազատությունների ոտնահարում եւ քաղբանտարկյալների առկայություն։ Լեւոն Զուրաբյանը, խոսելով Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, նշեց միայն 2013թ.-ի նոյեմբերի 5-ին բախումների հետեւանքով ձերբակալված, ապա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների անունները։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը հանրահավաքին հետեւում էր ոչ թե հարթակից, այլ հավաքված քաղաքացիների շարքերում կանգնած, տեղից ավելացում արեց՝ գոռալով Վարդան Պետրոսյանի եւ Վոլոդյա Ավետիսյանի անունները։ Լեւոն Զուրաբյանը, անտեսելով եռյակի իր գործընկերոջ դիտողությունը, շարունակեց կարդալ իր ելույթը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ առաջիկայում համաժողովրդական շարժումը կներկայացնի համատեղ գործողությունների ծրագիր, այդ թվում՝ զանգվածային միջոցառումների ցանկը, որոնց նպատակն է ամբողջական իշխանափոխությունը եւ արտահերթ ընտրությունները։
Նշենք, որ հանրահավաքն ավարտվեց եւ սկսվեց մարդու իրավունքների պաշտպանության երթը, որը կանցնի Մաշտոցի պողոտայով, այնուհետեւ Ամիրյան- Նալբանդյան- Թումանյան երթուղով կվերադառնա Ազատության հրապարակ։














