Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված` Ազատության հրապարակում հանրահավաք-երթն այսօր` դեկտեմբերի 10-ին, ավարտվեց Ազատության հրապարակում։
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ՀԱԿ-ի նախաձեռնած խաղաղ երթի մասնակիցները «Պայքար, պայքար մինչեւ վերջ», «Անսերժ, ազատ, անկախ Հայաստան», «Սերժիկ հեռացիր» վանկարկումներով երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով եւ ոստիկանների ուղեցությամբ վերադարձան Ազատության հրապարակ:
Երթին մասնակցում էին ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, ԲՀԿ-ական պատգամավորներ Վահան Բաբայանը, Էլինար Վարդանյանը եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ազատության հրապարակում ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը հայտարարեց, որ այս հանրահավաք-երթը ապացույցն էր իրենց միասնականության։
«Այսօր մենք ապացուցեցինք մեր միասնականությունը, քայլեցինք Երեւանով եւ մեր շարժման հաջողության վրա կասկածող մարդկանց ցույց տվեցինք, որ մեր շարժումը անկոտրում է: Փոփոխությունների ժամանակն է եկել: Մեզ պառակտել չի լինի, հիասթափեցնել չի լինի: Շատ կարճ ժամանակ հետո մեր հաղթանակն ենք տոնելու»,- հայտարարեց Վահան Բաբայանը:











