Սպանության եւ ավազակային հարձակման համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Արտյոմ Սարգսյանը նկարում է ոչ թե վրձինով, այլ մատներով: NEWS.am-ի թղթակիցը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում զրուցել է արդեն 13 տարի անազատության մեջ գտնվող կալանավորի հետ:

Արտյոմ, ինչպիսի՞ն էր Ձեր կյանքը 13 տարի առաջ:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կապսի գյուղից եմ, կարատեի մարզիչ եմ աշխատել, այնուհետեւ արդեն թիկնապահական ծառայության բաժնի պետն եմ եղել: Մայրս ու եղբայրս մահացել են երկրաշարժի ժամանակ, հայրս դրանից երկու տարի անց հենց իմ ձեռքերի մեջ: Ամուսնացած եմ, ունեմ երկու աղջիկ: Մեծս 13 տարեկան է, իսկ փոքրս ծնվել է 2 տարի առաջ, ես կալանավայրում էի այդ ժամանակ:

Ինչի՞ համար եք դատապարտվել եւ ե՞րբ:

Բանկի ավազակային հարձակում եւ սպանություն: Դեպքը տեղի է ունեցել 2002թ.-ի ապրիլին, ազատազրկվել է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ եւ 11-րդ կետերով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: Ազատազրկման ժամկետս լրանում է 2016թ.-ի նոյեմբերի վերջին:

Արտյոմ, ի՞նչ ավազակային հարձակման մասին է խոսքը:

Այդ մասին խոսել չեմ ուզում:

Լավ: Ձեզ ներկայացնելիս՝ չխոսեցիք նկարչության մասին:

Երբեք չեմ պատկերացրել, որ նկարչությունը մի օր մասնագիտություն կդառնա: Դպրոցական տարիներին նկարչության ժամերին, իհարկե, ինչ-որ բաներ նկարել եմ, բայց ոչ երբեք այսպիսի լրջությամբ, գեներիս մեջ էլ չկա: 10 տարի առաջ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում էի, որ զբաղվելու համար ընկերոջս հետ սկսեցինք հացից թզբեհներ պատրաստել, դրանք ներկել ու կամաց-կամաց սկսեցի նկարել միայն:

Դժվար չէ՞ր կալանավայրում ներկեր, կտավներ ձեռք բերելը:

Ինքս էի ներկեր պատրաստում, յուղամատիտը ձեթի հետ եփում էի եւ այդպես ներկ ստանում: Սկզբում կտորների վրա էի նկարում, նույնիսկ վրձին բռնելու ձեւը չգիտեի, դրա համար էլ մատներով էի նկարում: Հետո արդեն «Վարդաշեն»-ում ծանոթացա մի նկարչի հետ, խորհուրդ տվեց վրձինով էլ նկարել: Իրեն նայելով՝ սովորեցի օգտվել վրձինից, բայց միեւնույնն է՝ մեծ մասամբ մատներով եմ նկարում: Կալանավայրում ամենակարեւորը զբաղվելն է, դու կտրվում ես լքված լինելու մտքից, զբաղվելը հոգեբանորեն դաստիարակում է քեզ:

Ե՞րբ զբաղմունքը դարձավ մասնագիտություն:

Կարելի է ասել, որ նկարել սկսել եմ թե կարիքից, թե անհրաժեշտությունից դրդված: Ես ստիպված նկարեցի, որովհետեւ պետք է ընտանիքիս պահեի: Ընթացքում հասկացա, որ կարող եմ դրանք ուղարկել դուրս վաճառքի: Առհասարակ, նկարչությամբ զբաղվելն ավելի օգտակար է, ավելի մնայուն, ավելի նյութական արժեք է ներկայացնում, քան թզբեհներ կամ խմորից ինչ-որ բաներ պատրաստելը: Կարեւոր է շատ, որ կալանավորն իրեն գնահատված է զգում, գիտակցում է, որ հանրության համար օգտակար գործ է անում: 

Զարմանալի է՝ մռայլ պատերից ներս այսքան գունեղ, կյանքով լեցուն կտավներ: Ինչո՞վ է դա պայմանավորված:

Կալանքի մեջ այս բնական գեղեցկությունն այնքան էլ չես տեսնում, այստեղ կյանքն այնքան էլ վառ գույներով չի դասավորված, այս ամենի կարիքը շատ ունես: Ինքս նկարի մեջ հիմնականում աշխատում եմ արտահայտել իմ ցանկությունները, իմ պատկերացումները կյանքի մասին ավելի վառ գույներով, կյանքը տեսնել ավելի գեղեցիկ, քան ներկա պայմաններն են:

Արտյոմ, 2 տարի անց ազատության մեջ կլինեք: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր կյանքը այս պատերից դուրս:

Ընդհանրապես չեմ պատկերացնում, ամեն դեպքում նկարչությամբ եմ շարունակելու զբաղվել: Այսպես, ընտանիքիս եւ ինձ ավելի շատ օգուտ կտամ:

Զրուցեց Աիդա Հովհաննիսյանը