Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն 20 տարի միայնակ բնակվող 76-ամյա թոշակառու Պայծառ Մակարյանը Ամանորը դիմավորելու է թեյով եւ բարեգործական ճաշարանից բերված ուտեստներով: Տարեց կինը NEWS.am-ին պատմեց, որ ապրում է թոշակով եւ բարեգործների փոքրիկ օգնություններով: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Պայծառ տատը գոհ է իր համեստ սեղանից եւ չքավոր ապրելակերպից. Պայծառ տատի աչքերի պայծառ լույսը կյանքը սիրելու լավագույն վկայությունն է։
«Հայրս պատերազմում է մահացել, մայրս ու եղբայրս նույնպես մահացել են, ոչ ոք չունեմ, մի աղջիկ ունեմ, որ Աբովյանում է ապրում, եւ երկու թոռնիկ: Տղա թոռնիկս բանակում է ծառայում, որ գա էստեղ, տունիկ կսարքի եւ ընտանիքով կհավաքվենք իրար գլխի»,-պատմում է ծեր կինը:
Պայծառ տատին պատմեց, որ ինքը բնակարան է ունեցել, սակայն վաճառել է դստեր երեխայի հետ կապված խնդիրների պատճառով:
«Աղջկաս մոտ չեմ գնում ապրելու, քանի որ չեմ ցանկանում աղջկան նեղություն տալ, հիվանդ է, ոտքի տրոմբ ունի»,- ասում է Պայծառ տատը։
Պայծառ Մակարյանի վագոն-տնակում չկան տարրական հիգիենիկ պայմաններ, չկա սառնարան, լվացքի մեքնեա, առաստաղից էլ կաթում էր. «Ցելոֆան եմ խփել, էն էլ չի օգնում, հեսա իրիկունը ամանները շարելու եմ, որ գոնե տունը չթրջվի: Մահճակալ էլ չունեմ, ջարդված է, վախենում եմ, որ վրան քնեմ: Կանալիզացիա էլ չունեմ»։
Պայծառ տատի խոսքով՝ չնայած նրան, որ հեշտ չէ միայնակ ապրելը, բայց տարեց կինը չի դժգոհում. սիրում է մշակել իր հողամասը. ծառեր է մշակում, բանջարաբոստանային կուլտուրաներ, նույնիսկ ծաղիկներ: Ասում է՝ եթե գործ չանի, կմահանա:
«Հեշտ չի էդքան գործ անելը, բայց չեմ սիրում նստեմ, հենց չաշխատեմ, կմեռնեմ, սիրում եմ աշխատել, պիտի անընդհատ աշխատել` ծառերը կտրել, մաքրել, խնամել»,- ասում է Պայծառ Մակարյանը, որը միայնակ է կոտրել ամբողջ տարվա վառելափայտը։
Պայծառ տատին ծիծաղով է արձագանքում հարցին, թե Նոր տարվա ինչ երազանք է պահել, ասում է, որ վաղուց երազանք չի պահում. «Ի~, հայ հայս գնացել, վայ-վայս ա մնացել, ես տենց բաներ չունեմ»։











