Suburban Ford ընկերությունը Taurus նոր սեդան է նվիրել 56-ամյա Ջեյմս Ռոբերթսոնին, ով 2005 թվականից ի վեր ամեն օր ոտքով 33 կմ է անցնում՝ աշխատանքի գնալու համար: Բացի այդ, համացանցում նրա համար ավելի քան 350 հազար դոլար են հավաքել:

Ռոբերթսոնը ոտքով է աշխատանքի գնում՝ 1988 թվականի արտադրության իր Honda Accord-ի խափանումից հետո: Իսկ մեքենան վերանորոգելու միջոցներ տղամարդը չունի: Դեթրոյթի լրատվամիջոցներից իմանալով նրա պատմությունը՝ համացանցի օգտատերերը որոշել են Ռոբերթսոնի համար 5 հազար դոլար հավաքել, որպեսզի նա կարողանա նոր մեքենա գնել: Արձագանքը, սակայն, անսպասելի է եղել. արդեն ավելի քան 351 հազար դոլար է հավաքվել:

Ըստ Motor-ի, հիմա, երբ Ռոբերթսոնը նոր Taurus ունի, հայտնի չէ, թե նա ինչպես է մտադիր ծախսել հավաքված միջոցները: Ընդ որում, գումարը կարող է ավելանալ, քանի որ համացանցում դրամահավաքը շարունակվում է: