ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի լսարաններից մեկը փետրվարի 24-ին անվանակոչվել է 2014թ. հուլիսի 31-ին ադրբեջանա-արցախյան շփման գծում հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունը կանխելիս զոհված շարքային Ազատ Ասոյանի անունով:
Լսարանի կարմիր ժապավենը կտրելիս զոհվածի մայրը` տիկին Մանուշակը, չէր կարողանում զսպել հուզմունքը. «Իմ վիշտն անսփոփ է. որդիս թեկուզ հայրենիքի հերոս է, բայց այլևս չի վերադառնա, նրա պակասը ոչինչ չի լրացնի։ Միգուցե որդիս հայրենիքին էր պատկանում, և հայրենիքն էլ նրան տարավ»:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց Ազատ Ասոյանի ծնողներին նրա մեջ հերոսական, ռազմահայրենասիրական ոգի դաստիարակելու համար:
«Իհարկե, լավ կլիներ, որ խաղաղ պայմաններում այսպիսի անվանակոչություն տեղի չունենար, բայց միաժամանակ հպարտ ենք, որ պատերազմին մասնակից համալսարանական հերոսների շարքին ավելացավ Ազատ Ասոյան անուն ազգանունը»:
Միջոցառման վերջում ցուցադրվեց «Միացյալ երիտասարդական լիգայի» նախաձեռնությամբ նկարահանված կարճամետրաժ ֆիլմ` ի հիշատակ Ազատ Ասոյանի:
Նշենք, որ Ազատը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության՝ հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ էր շպրտվել ելման դիրքեր: Գործողության հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ, 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը:











