Սումգայիթյան ջարդերից փրկված 47-ամյա Ռուզաննայի հիշողությունները ծննդավայրից արդեն 27 տարի է՝ միայն ողբերգության մասին են: Երջանիկ մանկության ու երիտասարդության հուշերը ջնջել է վերջին դրվագը՝ ադրբեջանցիները մերկացրել էին   իրենց թաղի ամենագեղեցիկ հայ աղջկան, փողոց հանել ու անխնա ծաղրում էին։

«Նրան տկլոր հանեցին, գցեցին բակ ու սկսեցին գոռալ՝ ահա հայ հարսնացուն: Նրա մարմնի վրա ամբողջությամբ ծխախոտ էին հանգցրել։ Նրա եղբորը 5-րդ հարկից դուրս նետեցին... Ես սիրում էի ծննդավայրս: Ինձ համար ամեն ինչ վառ գույներով էր, բայց հանկարծ ամեն ինչ անսպասելիորեն փոխվեց: Այն, ինչ տեսել եմ, դեռ աչքիս առաջ է»,- պատմում է Ռուզաննա Ավագյանը:

Ողբերգական դեպքերի մասին Ռուզաննան շատ չի խոսում. նրա աչքերի սարսափը մատնում է՝ չի ուզում կրկին վերապրել տեսածը...

Սվետլանա Ղարիբյանը, որը Բաքվում էր ապրում, ջարդերի ժամանակ Սումգայիթ էր գնացել՝ մորեղբորն այցելության։ Այդ օրը երեկոյան ու հաջորդ առավոտյան տեսածը, ապա փախուստը Սումգայիթից հիշում է ինչպես մղձավանջում։

«Սեղանի շուրջ նստած էինք, ձայներ լսեցինք, դուրս եկանք պատշգամբ, ու դրսում կարծես միտինգ լիներ, ինչ որ բան էին գոռգոռում: Ավտոկայանի մոտ 15 հանրապետությունների մոնումենտ կար, մարդիկ կենդանի աստիճան էին սարքել, աշտարակից հանեցին Հայաստանի դրոշը, սկսեցին տրորել: Մենք մտանք տուն ու լույսը հանգցրինք, մնացինք, որ առավոտյան հետ գնանք Բաքու: Առավոտյան ավտոկայանի մոտ տեսանք՝ հավաքվածները խաղում են գնդակի նման ինչ-որ բանով: Պարզվեց՝ դա ոչ թե գնդակ էր, այլ փոքրիկ երեխայի գլուխ: Երբ կանգնած էինք եւ ուզում էինք նստել ավտոբուս, այդ գլուխը գլորվեց դեպի մեզ: Ես նկատեցի երեխայի գլխի մազերը, որ արյունոտ էին»,- պատմում է տիկին Սվետլանան:

Բաքվում Սվետլանայի ընտանիքի համար ապրելը նույնպես վտանգավոր է եղել: Հիշում է, որ տղամարդիկ գիշերները արթուն պահակություն են արել՝ կանխելու Սումգայիթի հնարավոր կրկնությունն իրենց մոտ: Տիկին Սվետլանան Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել 1988թ. ձմռանը, ամուսնացել, մինչեւ օրս ապրում է Ստեփանակերտ քաղաքում:

1988թ. փետրվարի 27-ից Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանություններն սկսեցին հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Երեք օրվա կոտորածների ընթացքում վիրավորվեցին և սպանվեցին բազմաթիվ մարդիկ, ընդ որում՝ սպանվածների մի մասը տանջամահ էր արվել, իսկ դիակներն այրել էին: