«Հանուն առողջ սննդի» նախաձեռնությունն ահազանգում է, որ Կառավարության հավանությանն արժանացած՝ «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում Հայաստանում կկրկնապատկվի քաղցկեղով հիվանդների թիվը: Ալյուրը երկաթով, ֆոլաթթվով, ցինկով, A, B վիտամիններով հարստացնելու նախագծին աջակցությունը դադարեցելու պահանջով մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր՝ մարտի 10-ին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին ուղղված նամակ հանձնեցին ՄԱԿ-ի գրասենյակ (ֆոտոռեպորտաժ):
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը տեխնիկապես աջակցում է ծրագրին: Նրա միջոցներով արդեն իսկ ձեռք են բերվել հարստացման սարքավորումները, դոզատորները ներկրվել են Հայաստան առանց օրենքն ընդունելու: Իսկ նոր օրենքը բազմաթիվ ռիսկեր է պարունակում մեր ժողովրդի համար: Եթե այլ երկրներում այլուրը հարստացնելով ինչ որ առողջական խնդիրներ են լուծում, այնտեղ ժողովուրդը շատ քիչ հաց է ուտում: Եթե նայենք մեր մշակույթը, թե ինչքան հաց է ուտում հայը, ցորենը հարստացնելով շատ ավելի վատ հետեւանքների կհանգեն. ոչ թե կլուծեն, այլ բազում առողջական խնդիրներ կառաջացնեն, որոնցից ամենառիսկայինը քաղցկեղի խնդիրն է, այն կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել»,- NEWS.am-ին ասաց ակցիայի կազմակերպիչներից Աննա Սարգսյանը՝ նշելով, որ Կանադայում ու Չիլիում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ալյուրի հարստացման հետեւանքով աճել է կրծագեղձի ու հաստ աղիքի քաղցկեղով հիվանդների թիվը:
Ալյուրի հարստացման ծրագրի հիմքերից մեկը 2005-ին անցկացված Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունն է (ՀԺԱՀՀ), որով կանանց և մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ստուգվել է սակավարյունության մակարդակը: Ըստ այդ հետազոտության՝ սակավարյունություն է ունեցել ստուգված 1106 երեխաներից 36,5 տոկոսը (404 հոգի), 6080 կանանցից 24,6 տոկոսը (1496 հոգի): Նախաձեռնության անդամներն այս հետազորությունը ոչ լիարժեք են համարում:
«Կատարված հետազոտությունը չի ասում՝ բնակչության քանի տոկոսն է կազմում այդ հետազոտվածների 37 կամ 25 տոկոստը: Դա միգուցե կազմում է ամբողջ բնակչության 5 տոկոսը: Իսկ այդ 5 տոկոսի համար ժողովրդին պարտադրելն անիմաստ է: Բացի այդ՝ Առողջաահության նախարարության ուղեցույց գոյություն ունի, որում ասվում է, որ սակավարյունության թիվը 20-40 տոկոսից ավելի պետք է լինի, որ պարտադիր հարստացում կիրառվի: Երբ մենք չունենք ոչ մի տվյալ, ինչպե՞ս կարող ենք ընդունել մի օրենք ամբողջ բնակչության համար»,- ասաց Աննա Սարգսյանը:
Նախաձեռնության անդամները նոր օրենքին աջակցելու փոխարեն ՅՈՒՆԻՍԵՖ-ին առաջարկում են աջակցել ցորենի չթեփազատված, չտեսակավորված ալյուրի և այդ ալյուրից թխված հացի արտադրությանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ տեսակի հացն ավելի անվնաս է առողջության համար:
«Խորհրդային տարիներին մենք ունեցել ենք նման արտադրություն, նման հացը իր մեջ ներառում է բոլոր միկրոտարրերը, որոնք այժմ փորձում են արհեստականորեն ավելացնել ալյուրի մեջ: Բնական միկրոտարրերը ոչ մի առողջական խնդիր չեն կարող առաջացնել, իսկ արհեստականը կարող է»,- ասաց Աննա Սարգսյանը:
Նախաձեռնությունը դիմել է նաեւ Առողջապահության նախարարությանը, սակայն դեռ ոչ մի պատասխան չի ստացել:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարութունը 2011-ի փետրվարի 17-ին հավանություն է տվել «Ցորենի ալյուրի հարստացման մասին» թիվ 666 ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի ՀՀ շուկայում իրացվող բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրի 80-85%-ը պարտադիր պետք է «հարստացվի» պրեմիքսներով (երկաթով, ֆոլաթթվով, ցինկով, A, B վիտամիններով), իսկ այդ պահանջը չկատարող տնտեսվարողները պետք է տուգանվեն 1,5-2 մլն դրամով: Այս նախագիծն իրականում մշակվել և ՀՀ կառավարությանն է հանձնվել Առողջապահության Համաշխարհային կազմակերպության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ և շարունակական աջակցությամբ: Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողով մեկ տարով հետաձգեց «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը:











