9-ամյա Արսենը զարմանալի արագությամբ բրալյան գրամեքենայով հավաքում է «շնորհակալություն» բառը. նա իրեն այցելած հյուրերին սովորաբար այս կերպ է երախտագիտություն հայտնում...
Արսենը բրալյան գրամեքենան նվեր է ստացել Երեւանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցի փոխտնօրենից՝ լավ առաջադիմության համար։ Մի քանի ամիս անց Արսենն արդեն հմուտ գրում էր դրանով։ Մեքենան հեշտացրել է ոչ միայն Արսենի, այլեւ ծնողների գործը։
Ռուբենն ու Աննան խոստովանում են, որ առաջնեկի կույր ծնվելը իսկական շոկ էր երիտասարդ ծնողների համար։ Ժամանակի ընթացքում, սակայն, նրանք հասկացան, որ Արսենը յուրահատուկ երեխա է՝ ոչ սովորական ունակություններով օժտված։
«Եթե բոլոր նորածինները ձայներ են հանում, Արսենը երգում էր: Վեց ամսականում արդեն հստակ երգում էր տղաս: Այդ ժամանակ էլ հասկացա, որ նա երաժիշտ պիտի դառնա»,- պատմում է Ռուբեն Գեւորգյանը:
Արդեն երկու տարի է՝ Արսենը սովորում է դաշնամուր նվագել՝ իր եւ ստեղների միջեւ տեսողական կապի բացակայությունը փորձելով լրացնել մատների օգնությամբ։
«Շատ լավ լսողություն ունի, բայց ուսուցչուհին չի ուզում, որ միայն լսողությունով նվագի: Դրա համար Արսենի մատները սահեցնում է յուրաքանչյուր նոտայի վրայով՝ այս կերպ սովորեցնելով, թե որ նոտան որն է: Երաժշտական ստեղծագործությունը բաժանում են մասերի եւ այդպես մաս-մաս սովորում»,- պատմում է փոքրիկի հայրը:
Օրական մի քանի ժամ Արսենն անցկացնում է դաշնամուրի առջեւ, որ հետ չմնա տեսողական խնդիրներ չունեցող իր հասակակիցներից, ավելին՝ գերազանցի նրանց վարպետությամբ. Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն Արսենը նվագում է մի շնչով, բայց դա բավարար չէ իր երազանքին հասնելու համար:
«Երազում եմ հայտնի երաժիշտ դառնալ եւ հայտնի երգիչ: Ուզում եմ՝ ամբողջ աշխարհն ինձ ճանաչի»,- ասում է նա:
Իննամյա Արսենն արդեն հասցրել է ճաշակել հանդիսատեսի գնահատականն ու սերը. մեկ շաբաթ էր, ինչ վոկալի պարապմունքները սկսել էր, երբ Ռուսաստանի Դաշնությունից հրավեր ստացավ՝ մասնակցելու Դիանա Գուրցկայայի կազմակերպած համերգին:
«Մոսկվայում երգել եմ Սերգեյ Բեզռուկովի, Զառայի հետ»,- հպարտությամբ ասում է Արսենը:
Համերգից իր հիշողությունների մասին խոսելիս Արսենի ձայնը դողում է, մտովի վերադառնում է մեծ համերգասրահ, որտեղ հայտնի երգիչների հետ կատարել է «Դլե յամանը»: Համերգից հետո կուլիսների հետեւում շատերն էին ցանկանում ծանոթանալ տաղանդավոր հայ փոքրիկի հետ:
Այսօր արդեն Գեւորգյանները չեն կասկածում, որ Արսենի ապագան երաժշտությունն է, թեեւ հասկանում են, որ Հայաստանում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար դժվար է:
«Եթե մեքենա չունենայի, կամ աշխատանքս այլ լիներ, ապա հաստատ երթուղայինով Արսենի հետ երթեւեկելը շատ դժվար կլիներ: Բնական է՝ Հայաստանում խնդիր ունեցող մարդկանց այլ աչքերով են նայում, հասկանում եմ... Բայց մենք չենք կոտրվել երբեք»,- նշում է Ռուբենը:
Արսենի տեսողությունը հնարավոր է վերականգնել, սակայն ընտանիքի ֆինանսական միջոցները չեն բավականացնում փոքրիկին ՌԴ տանելու եւ վիրահատելու համար: Արսենը, սակայն, չի սպասում, մինչեւ ծնողները կգտնեն վիրահատության համար անհրաժեշտ գումարը. նա շարունակում է պարապել` քայլ առ քայլ հաղթահարելով դեպի իր մեծ երազանք տանող դժվար ճանապարհը։











