Հայը ազգն ունեցել է դժվար անցյալ, այսօր ունի անկախ Հայաստան եւ ուժեղ ազգ: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, Մասիս քաղաքում Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված միջոցառմանն ասաց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

«Այսօրվա միջոցառումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված երկար ճանապարհի սկիզբն է: Մենք հպարտ ենք, որ այսօր ոչ միայն հիշում ենք Ցեղասպանությունը, այլեւ ուժեղ ենք եւ կարողանում ենք քայլել դեպի ապագա»,-ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը տեղեկացրեց, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը սկսել է «Be Armenian be alive» ծրագիրը, որի նպատակն է աշխարհին ցույց տալ, որ հայերը կան եւ լինելու են.

Մասիս քաղաքում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նվիրված միջոցառման կազմակերպիչ,  Adibekyan Family Foundation for advancement բարեգործական հիմնադրամի նախագահ Գագիկ Ադիբեկյանը  նշեց, որ  հայերը  թույլ չեն տա, որ իրականությունը թուրքերը աղճատեն եւ պահանջելու են արդարություն:

«Այսօր մենք հիշում ենք, շնորհակալ ենք եւ հավատում ենք ապագային: Հայերիս հետ բազմաթիվ ազգեր են սգում, կիսում մեր ցավը միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում:  Մեր երախտագիտությունն ենք հայտնում այն պետություններին, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանության փաստը եւ դատապարտել ու ժխտողներին քրեական պատասխանատվության  ենթարկելու օրենքներ ընդունել»,-ասաց նա:

Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր հայի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված յուրաքանչյուր քայլ շատ կարեւոր է.«Շատ հայրենակիցներ ունենք, որոնք մեր տարածաշրջանում Հայոց ցեղդասպանության ճանաչմանն ուղղված ու հայերին համախմբող միջոցառումներ են իրականացնում: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր մատաղ սերունդը լավ իմանա մեր պատմությունն ու  պահանջի, որպեսզի Հայոց ցեղասպանության փաստը ընդունվի ու դատապարտվի»:

Նշենք, որ ապրիլի 11-ին, մասիսցիների եւ Adibekyan Family Foundation for Аdvancement բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացված Հայոց Ցեղասպանության ճանաչմանը նվիրված միջոցառմանը մասնակցում էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ կառավարության անդամներ,  Հայոց Ցեղասպանությունը ճանաչած 20 երկրների դեսպաններ, գործարարներ եւ այլք: