Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի է ունեցել օծման արարողություն՝ Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ:

Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հայ նախարարներ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, Իտալիայում եւ Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, Միլանում ՀՀ պատվո հյուպատոսը, Մեծի տանն Կիլիկո կաթողիկոս Արամ Ա-ն, կարդինալ Քուրտ Կոխը, Հայ առաքելական եկեղեցու 15 եպիսկոպոսներ, Հայ կաթողիկե եկեղեցու 10 եպիսկոպոսներ:

Ինչպես հաղորդում է իտալական Servizio Inforazrione Religiosa պորտալը, միջոցառման կազմակերպման հարցում մեծ դեր է խաղացել Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, ում աջակցել է Նեապոլի կարդինալ, արքեպիսկոպոս Կրեշչենցո Սեպեն: Դեսպանատունը եւս պատրաստվում է ամրապնդել սուրբ Գրիգոր Լուսավորչի ժառանգության մասին հիշատակը: Այսպես, ամեն տարի դեսպանատունը պատրաստվում է աջակցել սուրբծննդյան մսուրի մրցույթին: Լավագույն վարպետներին կգնահատի փորձագետներից կազմված ժյուրին, գրում է Servizio Inforazrione Religiosa-ն:

Նշենք, որ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ներկա է գտնվել Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ կարդինալ Սեպեի կողմից մատուցված եկեղեցական արարողությանն ու Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի՝ Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման եւ օծման արարողությանը: Հանրապետության Նախագահը խաչքարի բացման եւ Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ հանդես է եկել ելույթով:

Նեապոլում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերանորոգման աշխատանքները նախաձեռնելու համար կաթողիկոս Գարեգին Բ-ն «անանիա Շիրակացի» մեդալով պարգեւատրել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին:

Միջոցառման ընթացքում հասարականան, քաղաքական, տնտեսական հատվածները ներկայացնող մի խումբ հայ եւ իտալացի գործիչների նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգեւներ: Պարգեւները  շնորհվել են Հայոց ցեղասպանության ճանաչման, Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ երկկողմ կապերի ամրապնդման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման, հոգեւոր արժեքների տարածման, հայ-իտալական մշակութային, բարեկամական կապերի ամրապնդման, ինչպես նաեւ հայանպաստ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեության, տնտեսության բնագավառում եւ հայապահպանության գործում ներդրած ավանդի համար:

Հանրապետության Նախագահին շնորհվել է Նեապոլ քաղաքի շքանշան, որը Սերժ Սարգսյանին հանձնել է քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը: