Արցախյան ազատամարտի մասնակից Դուշման Վարդանի (Վարդան Ստեփանյան) երազանքն էր առաջինը Շուշի մտնել՝ բերդաքաղաքն ազատագրելուց հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Վարդանի մայրը՝ Զարուհի Շամյանը, որը մայիսի 9-ին՝ Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձին Արարատից «Եռաբլուր» էր եկել՝ որդու շիրիմին այցելելու։
«Վարդանն առաջիններից մեկն էր, որ Շուշի մտավ իր խմբի տղաների հետ: Կյանքի միակ նպատակը հայոց բերդաքաղաքն ազատ տեսնելն էր: Առագաստում ընկերների հետ նստած հայտարարում է, որ առաջինն է մտնելու Շուշի, Լաչինով էլ տուն է վերադառնալու: Այդպես էլ եղավ։ Շուշին ազատագրելուց հետո որդիս եկեղեցու 4 կողմը համբուրում է, շամպայնի շիշը վերցնում է, մտնում է հայկական գերեզմանոց, շամպայնը լցնում գերեզմաններին եւ բարձր գոռում՝ մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»,-պատմեց տիկին Զարուհին:
Վարդանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող էր, երբ սկսվեց Արցախյան ազատամարտը։ Նա անմիջապես որոշում է Արցախ մեկնել, իսկ իրեն հետ պահելու մոր փորձերին պատասխանում. «Քո մահն անգամ ինձ հետ չի պահի, քեզանից թանկն էլ կա, դա իմ ազգն է»:
Դուշման Վարդանի շիրիմի մոտ այսօր բազմամարդ էր: Հավաքվել էին նրա հարազատները, մարտական ընկերները եւ երիտասարդներ, որոնք հայրենասիրական երգեր էին երգում նրա հիշատակին։
Դուշման Վարդանը 1988-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը, ընկերոջ՝ Արմեն Երիցյանի հետ ստեղծել է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայիները, մասնակցել է բազմաթիվ մարտերի, այդ թվում՝ Իջեւանի և Նոյեմբերյանի շրջաններում։ «Դուշման» մականունը նրան տվել էր հակառակորդը, որին նա սարսափ էր ներշնչում։ Վարդանը զոհվել է 1992թ. հուլիսի 3-ին, երբ իր մարտընկեր Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք էր կատարում ԼՂՀ Մարտունու շրջանում։
Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» և «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով:











