ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում վիրաբույժ Ահարոն Կարապետյանի մահվան դեպքի առթիվ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Քննչական կոմիտեից:
2015թ. մայիսի 09-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում դիակ կա։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ գրասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա.Կարապետյանը կորցրել է հավասարակշռությունը, գլխի ծոծրակային հատվածով հարվածել պատին եւ տեղում մահացել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել «Տոտո» բուքմեյքերական գրասենյակում տեղադրված տեսախցիկների` դեպքի ժամանակահատվածի տեսագրությունները, որոնց զննությամբ պարզվել է, որ մայիսի 9-ին, ժամը 22:43-ին Ա.Կարապետյանը հիշյալ գրասենյակում վիճաբանել եւ ձեռքերով ու ոտքերով ծեծի է ենթարկել մի տղամարդու։ Վերջինս մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքի շրջանին, ապա` կրծքավանդակից հրել, ինչի հետեւանքով Ա.Կարապետյանը հետ է գնացել, կորցրել հավասարակշռությունը, գլխի ծոծրակային հատվածով հարվածել պատին եւ տեղում մահացել:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: ՀՀ ԱՆ ԴԲԳԳ կենտրոնից ստացված մահվան մասին բժշկական վկայականի կտրոնի համաձայն՝ Ա.Կարապետյանի մահվան պատճառ է հանդիսացել սուր կորոնար անբավարարությունը, նրա մոտ հայտնաբերվել է նաեւ ենթամաշկային արյունազեղում ձախ ծոծրակային շրջանում: Վիճաբանության մյուս մասնակցի ինքնությունը պարզվել է, ով ինքնակամ ներկայացել է եւ հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է:
Իսկ ոստիկանությունից հայտնել են, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ նշված մարմնական վնասվածքը հացրել է 1968 թ. ծնված Հրանտ Ի.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 09.50-ին, ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:











