Նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրը այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ ու ՀՀԿ-ական պատգամավորներ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

Հավաքվածները մեկ առ մեկ մոտեցան Անդրանիկ Մարգարյանի կնոջը, իրենց ցավակցությունը հայտնեցին նրան: Արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի մատուցած պատարագից հետո նրանք խունկ ծխեցին եւ ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

«Անդրանիկ Մարգարյանը բառիս բուն իմաստով հայ մարդ էր՝ իր ողջ լայն արժեհամակարգով: Ինքը երեխայի հետ երեխա էր, երիտասարդի հետ երիտասարդ էր: Մարդ էր, որը սիրում էր մարդկանց, իր մեջ չարություն չկար, ինքը իրական պետական գործիչ էր, մարդ էր, որը երբեք կամուրջները չեր այրում, որը հասկանում էր, որ կտրուկությունը քաղաքականության լեզուն չէ: Ինքը գիտակցում էր, որ հայրենիքը բացարձակ արժեք է: Պարոն Մարգարյանի համար հանրապետական կուսակցությունը լոկ միջոց է եղեկ, որ ծառայի պետությանը: Լավ է ծառայել, վատ է ծառայել, դա ժամանակն է ցույց տալիս»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ հունիսի 12-ին, Երեւանում: 1995թ ընտրվել է պատգամավոր, իսկ 2000-2007թթ եղել ՀՀ վարչապետ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: