«Երեւանյան ամառ 2015-ի» եռամյա միջոցառումների ծրագիրը զբոսաշրջիկների ուշադրությունը դեպի մեր երկիր գրավելու եւս մեկ միջոց է։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, «Երեւանյան ամառ 2015-ի» շրջանակում անցկացվող «Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոնի բացմանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության եւ տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը։ (ֆոտոռեպորտաժ)
«Այս միջոցառումները շատ են կարեւորվում նաեւ զբոսաշրջության զարգացման համար։ Հյուրեր մեծ մասամբ արտասահմանից են։ Մենք համագործակցում ենք տուրիստական կազմակերպությունների հետ, նրանց եւս տեղյակ ենք պահել միջոցառման մասին, որպեսզի օտարերկրացիներ էլ այսօր այստեղ լինեն։ Նմանատիպ փառատոնները գրավում են զբոսաշրջիկներին»,- ասաց նա։
Մարիա Բարաղամյանի խոսքով՝ «Հացը լեռներում» փառատոնը նպատակ ունի պահպանել եւ վեր հանել հայկական ավանդական խոհանոցի լավագույն ավանդույթները եւ դրանք հրամցնել զբոսաշրջիկներին։
«Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, որը 6 տարի շարունակ «Հացը լեռներում» փառատոնը կազմակերպել է միայն Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի որոշակի օժանդակությամբ, NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի փառատոնը ավելի լավ է կազմակերպված:
«Այս տարի շատ ավելի լավ է կազմակերպված, որովհետեւ քաղաքապետարանը աջակցեց մեզ, քանի որ մեր կազմակերպության համար շատ դժվար էր նման միջոցառում կազմակերպելը թե ֆինանսկան, թե կազմակերպչական առումով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ փառատոնը միտված է ազգային խոհանոցի պահպանմանը։
Նշենք, որ ավանդական դարձած «Համով-հոտով Երեւան» խորագրի ներքո անցկացվող «Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոնին ներկայացվածած էին 13 տաղավարներ՝ ավանդական ազգային կերակրատեսակներով: Տաղավարներից յուրաքանչյուրը ներկայացնում էր մեկ ազգային տոն՝ իր կերակրատեսակով։ Կերակուրները պատրաստվում էին հյուրերի աչքի առաջ:
Միջոցառմանը ելույթ ունեցան նաեւ «Սասուն» ազգագրական երգի, պարի համույթը, «Կարին» եւ «Տարոնցիներ» պարի համույթները:











