Հայաստանը ապահովագրված չէր Մայդանի սցենարից, եթե հրաժարվեր ԵՏՄ-ին միանալուց։ Այս մասին հունիսի 15-ին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
«Ո՛չ, ընկերնե՛ր, դա բացառել չէր կարելի։ Ասում եմ ամենայն պատասխանատվությամբ։ Շատ ուրախ եմ նշել, որ Բրյուսելի կողմից կտրական «ոչ»-ին փոխարինելու է եկել եվրահանձնակատար Յոհաննես Հանի վերաբերմունքը, ով առավել ճկուն քաղաքականության կողմնակից է։ Մենք պարտավոր ենք շփման եզրեր գտնել մեզ համար շատ կարեւոր Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ։ Իհարկե լավ կլիներ, եթե մեզ բացատրեին, թե Հայաստանը ինչ է շահել կամ ինչ կշահի՝ ԵՏՄ-ին միանալով։
Ես ինքս ԵՄ կողմնակից եմ եւ կարծում եմ, որ Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում է։ Սակայն ամենակարեւորը երկրի շահն է։ Եվ ոչ մի քաղաքական գործիչ ու ոչ մի քաղաքական ուժ թող այդ մասին չմոռանա»,- հայտարարեց Զոհրաբյանը։











