Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներին ոստիկանններն այսօր՝ հունիսի 18-ին,  թույլ չեն տալիս մոտենալ նախագահական նստավայրին:

NEWS.am- ի թղթակիցը հաղորդում է, որ մահացած զինծառայողների  մայրերից  3-ը կանգնել էին Բաղրամյան պողոտայի նախագահական նստավայրից մի փոքր վերեւ, երբ մայրերը փորձեցին մայթով իջնել դեպի նախագահական նստավայր, ոստիկանները պատ  կազմեցին ՝թույլ չտալով անցնել:

Մայրերը ոստիկանների համար ընթերցեցին ՄԻՊ որոշումը, ըստ որի ոստիկանները թույլ չտալով բողոքի ակցիա անցկացնել նախագահական նստավայրի մոտ եւ բռնությամբ նրանց հեռացնելով խախտել են ծնողներիիրավունքները:

Ծնողներն ահազանգել են ՄԻՊ գրասենյակ, որտեղից աշխատակիցներ են ժամանել նախագահական նստավայրի մոտ:

«Մենք իրավունք ունենք ակցիա անցկացնելու, դուք չեք կարող մեր իրավունքները սահմանափակեք»,- ոստիկաններին դիմեց բանակում մահացած Տիգրան Օհանջյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը:

Ոստիկանները  ծնողներին ասացին, որ օրենքով թույլատրվում է ակցիան նախագահական նստավայրի շենքից ողջամիտ հեռավորության վրա անցկացնել եւ իրենք ողջամիտ հեռավորությունը սահմանել են դիմացի մայթը:

Նշենք, որ բողոքող ծնողներին են միացել տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Որդեկորույս մայրերը նոյեմբերի 26-ին նամակով դիմել են նախագահին իրենց զավակների գործերը վերանայելու եւ արդար քննություն ապահովելու խնդրանքով, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել։ Մահացած զինծառայողների մայրերը պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում  նախագահականի մոտ՝ պահանջելով պատասխանել իրենց նամակին։

Նշենք, որ արդեն մի քանի տարի է` խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կառավարության նիստերի օրերին հավաքվում էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արդարացիորեն քննել իրենց երեխաների գործը եւ պատժել իրական մեղավորներին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։