Նախագահական նստավայրի մոտ այսօր՝ հունիսի 18-ին, բողոքի ակցիան անցկացնող` բանակում մահացած զինծառայողների մայրերից Իրինա Ղազարյանի ինքնազգացողոթյունը վատացել է: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրան օգնություն ցույց տալու համար «Շտապօգնության» մեքենա է ժամանել Բաղրամյան 26:
Իրինա Ղազարյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ողնաշարի խնդիր ունի, եւ այդ խնդիրն առաջացել է նախորդ ակցիաների ժամանակ ոստիկանների կիրառած բռնության հետեւանքով:
Նշենք, որ բողոքի մյուս մասնակիցներին ոստիկանները շղթա կազմած հեռացրին նախագահական նստավայրի մոտից դեպի մայթ, այժմ նրանք պատ են կազմել եւ ծնողներին չեն թույլատրում մոտենալ շենքին:
Որդեկորույս մայրերը նոյեմբերի 26-ին նամակով դիմել են նախագահին իրենց զավակների գործերը վերանայելու եւ արդար քննություն ապահովելու խնդրանքով, սակայն մինչեւ հիմա պատասխան չեն ստացել։ Մահացած զինծառայողների մայրերը պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացնում նախագահականի մոտ՝ պահանջելով պատասխանել իրենց նամակին։
Նշենք, որ արդեն մի քանի տարի է` խաղաղ պայմաններում մահացած զինվորների մայրերը կառավարության նիստերի օրերին հավաքվում էին կառավարության շենքի մոտ՝ պահանջելով արդարացիորեն քննել իրենց երեխաների գործը եւ պատժել իրական մեղավորներին, սակայն որեւէ արդյունքի չեն հասել։













