Ոստիկանությունը օպերատիվ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են հունիսի 19-ին ապօրինի հրազեն պահելու կասկածանքով ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվում Թեւոս Սաֆարյանը՝ «Կայարանցի Թեւոսիկը» եւ նրան ուղեկցող անձինք։
Նշենք, որ բերման են ենթարկվել նաեւ Կարեն Բագրատունյանը, որն առավել հայտնի է «Սամբիստ Կարեն» մականվամբ, Հարություն Ալեքսանյանը, որն առավել հայտնի է «Քանաքեռցի Հարութ» մականվամբ, ինչպես նաեւ Սաֆարյանին երեք այլ ավտոմեքենաներով ուղեկցող եւս յոթ անձ:
Բերման ենթարկվածների անձնական խուզարկության արդյունքում՝ «Բենթլի» ավտոմեքենայի մեջ գտնվող, Կարեն Բագրատունյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով:
Նույն ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղարիբյանին պատկանող պայուսակի միջից հայտնաբերվել է եւս 1 հատ առանց գործարանային համարի «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված 5 փամփուշտով:
Ուղեկցող անձանցից մեկի մոտ հայտնաբերվել է շագանակագույն չորացված զանգված, կատարվում է հետաքննություն:











