Ի համերաշխություն հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիայի մասնակցիների, որոնց ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան զանգվածային բերման է ենթարկել, ՀԱԿ խմբակցության պատգամավորները լքել են ԱԺ նիստերի դահլիճը:

ԱԺ դահլիճից մեկը մյուսի հետեւց դուրս են եկել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու Լյուդմիլա Սարգսյանը:

Նշենք, որ չորս օր տեւած նստացույցից հետո հունիսի 22-ին ավարտվել էր «Ոչ թալանին» նախաձեռնության՝ իշխանություններին տված վերջնաժամկետը, եւ ցուցարարները մեծ բազմությամբ շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա։ Ոստիկաննեը փակել էին պողոտան, ինչից հետո նստացույց էր սկսվել։ Հունիսի 23-ին վաղ առավոտյան ոստիկանները ջրցան մեքենայի օգնությամբ ցրել են ցույցը, ապա բերման ենթարկել ակտիվիստների եւ լրագրողների:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։