Հոսանքի թանկացման որոշման դեմ բողոքի ակցիայի ժամանակ բերման ենթարկված 237 քաղաքացիները մեծ մասն ազատ է արձակվել եւ Ազատության հրապարակի ճանապարհին է։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում հավաքվածներին ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից մեկը` նշելով, որ ժամը 18։00–ին նախատեսված ակցիան կսկսեն այն ժամանակ, երբ նրանք կմիանան իրենց։ (ֆոտոռեպորտաժ)
Բողոքի ինչ գործողություններ են սպասվում այսօր` ակցիայի կազմակերպիչները դեռ չեն հրապարակում։ Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու նրանց պահանջին ավելացել է եւս մեկը` ազատ արձակել նախօրեին Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված իրենց բոլոր ընկերներին։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ հրապարակում արդեն մի քանի հարյուր մարդ կա, քաղաքացիների հոսքն ավելանում է։
Հրապարակում նաեւ մեծ թվով ոստիկաններ կան, այնտեղ է նաեւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը քիչ առաջ հայտարարեց, որ նախօրեին ոստիկանությունը որեւէ ապօրինի քայլ չի արել եւ անհրաժեշտության դեպքում այսօր էլ բերման կենթարկի իրավախախտներին։













