Երեւանի Բաղրամյան պողոտայում արդեն 3-րդ օրը շարունակվող՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը կասեցնելու պահանջով նստացույցի մասնակիցները թիվը գնալով ավելանում է: (ֆոտոռեպորտաժ)

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ նստացույցի բոլոր մասնակիցները յարխուշտա պարեցին պողոտայի բանուկ հատվածում, ապա շուրջպար բռնեցին:

Այս պահին Բաղրամյան պողոտայում հանգիստ իրավիճակ է:

Նշենք, որ քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: