Մինչեւ այսպիսի բուռն զարգացմուների հասնելը, այս հարցը պետք է քննարկվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀԿ ԵԿԱ կողմից իրականացվող` «Անվանի մարդկանց հետ հանդիպումներ» նախագծի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ հայտարարեց կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանն` անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանն ու այդ առնչությամբ Երեւանում ընթացող ցույցերին:

«Մի ընկեր ունեմ շատ լավ, որին էստեղից ստիպեցին գնալ, ոտքի տակ ռումբ դրեցին, նա հրաշքով չմահացավ: Լրագրող Մարկ Գրիգորյանն է, եւ երբ մենք խոսում էինք այս պրոբլեմի մասին, նա ասաց, որ տարի չկա, որ Անգլիայում չթանկանա հոսանքը, բայց այդ ամբողջ պրոսեցները մանրամասն քննարկվում են բոլոր կողմերից հրապարակավ: Երբ որ չի քննարկվում կամ այնպես է քննարկվում, որ համոզիչ չէ, ուրեմն ինչ-որ բան լավ չէ արված»,-ասաց Մանսուրյանը` հավելելով, որ ինքը ժողովրդի ասածը հասկանում է, իսկ թե իշխանություններն ինչ են ասում` չգիտի: «Փաստարկները համարժեք չեն»,-եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Հոսանքի թանկացման դեմ արդեն 3-րդ օրն անընդմեջ նստացույց է ընթանում Բաղրամյան պողոտայում: