Գյումրեցիները շարունակում են գանգատվել «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցված բնակելի շենքերի որակից: Երեկ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրիի Մուշ 2 թաղամասի Հալաբյան փողոցի բնակարաններից մեկի հյուրասենյակի առաստաղը փլուզվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնակարանի սեփականատեր Գագիկ Թորոսյանը, որի ընտանիքն սկսել է բնակարանը շահագործել  2010թ.:

Գագիկ Թորոսյանը պատմեց, որ նախորդ օրը երեկոյան իրենք հյուրեր են ունեցել, հյուրասենյակում նստած զրուցել են, երբ փոքր որդին առաստաղից տարօրինակ ձայներ է լսել, այնուհետեւ վայրկյանների ընթացքում ջահը պոկվել, ընկել է բնակարանի մեջտեղում դրված սեղանի վրա:

«Նորմալ տուն մեզ չեն տվել, կարող է` 5 տարի հետո սաղ տունը փլվի: Նստած էինք, տղես ասեց պատալոկից ճռճռոց ա գալիս, մեկ էլ լյուստռան պոկվեց, ընկավ գետնին: Մենք մտածեցինք` երկրաշարժ է, արագ վազեցինք դուրս, հլը շենքի մուտքից դուրս չէինք էկել, շխկունն էկավ, մեկ էլ մի քանի րոպե հետո ելանք վերեւ, տեսանք` պատալոկը փլվել է: Մյուս սենյակներում էլ արդեն ճաքեր կան: Վախենում ենք գիշերն էլ քնել, կարող ա սենյակի պատալոկը փլվի վրեքներս»,- ասաց տանտերը:

Գագիկ Թորոսյանը շինարար էր կանչել, որը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ փլուզման պատճառը շենքի թերի շինարարությունն է: 

«Օրերից մի օր էս պատալոկը պիտի փլվեր: Պատի ծայրերի սվաղը 1 սմ է, մեջտեղը` հաստ , բա էսպես բան կընե՞ն: Միջանցքի պատալոկին էլ կան ճաքեր, կարող ա` մի որ էլ դա փլվի»,- ասաց շինարարը:

Գագիկ Թորոսյանը նշեց, որ  «Գլենդել հիլզ» ՓԲԸ-ին չի դիմել, փոխարենը դիմել է համատիրության նախագահին, որը խոստացել է փլուզված առաստաղը վերանորոգելու համար շինանյութ տրամադրել ընտանիքին: