Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բողոքի ակցիան այս պահին շարունակվում է ողջ թափով։ Քիչ առաջ պողոտայում անջատվեցին լույսերը, ինչից հետո բողոքի եւ սուլոցների ալիք բարձրացավ, մարդիկ բջջայիններով սկսեցին լուսավորել տարածքը։ Րոպեներ անց, ինչպես խոստացվել էր, լուսավորությունը վերականգնվեց։

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, մի խումբ քաղաքական գործիչներ եւ շոուբիզնեսի աստղեր կրկին եկել են՝ կենդանի պատ կազմելու ոստիկանական արգելապատնեշի եւ ցուցարարների միջեւ։

Կենդանի պատին այսօր մասնակցում են դերասաններ Հովհաննես Ազոյանը, Սերգեյ Դանիելյանը, Անդրանիկ Հարությունյանը, Լալա Մնացականյանը, Արման Նշանյանը, Ագնեսա Շահնազարյանը, Քրիստ Մանարյանը, պարուսույց Գագիկ Գինոսյանը, «Սուպերմամա» ֆիլմի հերոսները, Վիտամին ակումբի տղաները։ Պողոտայում են նաեւ քաղաքական գործիչներ՝ Աղվան Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Թեւան Պողոսյանը, Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյան, Հովհաննես Մարգարյանը, Հեղինե Բիշարյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Հակոբյանը, Դավիթ Շահնազարյանը եւ բազմաթիվ այլ անձինք։

Նշենք, որ քաղգործիչներն ու աստղերը կենդանի պատ առաջին անգամ կազմել էին նախօրեին եւ այսօր արդեն երրերոդ անգամ են գալիս՝ թույլ չտալու որեւէ բախում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։

Այս պահին բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում շարունակվում է:

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայություննները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:

Լուսանկարները՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am