Հունիսի 25-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կազմակերպել եւ անցկացրել է հանրային ծառայության ոլորտում շահերի բախման օրենսդրության կատարելագործման առաջարկությունների փաթեթի քննարկում, որին մասնակցում էին օրենսդիր, գործադիր եւ պետական այլ մարմինների, ինչպես նաեւ ՔՀԿ ներկայացուցիչներ, փորձագետներ եւ այլոք:

Հիմք ընդունելով 2009թ.-ից մինչ օրս շահերի բախման ոլորտում կազմակերպության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները եւ երկրի միջազգային պարտավորությունները՝ ԹԻՀԿ-ն մշակվել է շահերի բախման օրենսդրության վերլուծության զեկույց, որի նպատակն է վերլուծել Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության ոլորտում շահերի բախմանն առնչվող օրենսդրությունը, վերհանել թերություններն ու բացերը եւ ներկայացնել առաջարկություններ օրենսդրության բարելավման ուղղությամբ:

ԹԻՀԿ առաջարկությունները միտված են հանրային ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունների եւ պարտականությունների օրինավոր եւ մասնավոր շահերի ազդեցությունից զերծ, անկողմնակալ եւ անշահախնդիր իրականացման ապահովմանը եւ պաշտոնատար անձանց հանրային եւ մասնավոր շահերի հստակ սահմանազատմանը, ինչը կնպաստի նաեւ հանրային հաստատությունների նկատմամբ հասարակության վստահության խթանմանը:

Քննարկման ընթացքում  ներկայացվեցին մի շարք խնդրահարույց հարցեր, ինչպիսիք են  շահերի բախման օրենսդրական ձեւակերպման անհստակությունը,  շահերի բախման կառավարման նորմերի անկատարությունը, շահերի բախման կանխարգելման եւ բացահայտման մեխանիզմների անկատարությունը:  Քննարկման մասնակիցները հիմնականում համակարծիք էին բարձրացված հիմնախնդիրների եւ դրանց լուծման անհրաժեշտության հարցում, իսկ լուծման տարբերակները լրացուցիչ քննարկման կարիք ունեն` առաջարկները օրենսդրական նախագծի վերածելու համար:

Քննարկման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց նաեւ ԹԻՀԿ պատրաստած սոցիալական անիմացիոն հոլովակը` շահերի բախման վերաբերյալ: