Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող ցուցարարները բացեցին Մաշտոցի պողոտայի եւ Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկը ոստիկանների հետ բանակցություններից հետո։
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, ցուցարարները փակել էին Ֆրանսիայի հրապարակի տարածքը, եւ այնտեղ էր եկել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հատուկջոկատայինների ուղեկցությամբ։ Նա հայտարարում էր, թե ցուցարարները ապօրինություն են անում, խոչընդոտում են այլ քաղաքացիների ազատ տեղաշարժին, ինչին ի պատասխան ցուցարարները վանկարկում էին «Հրապարակը մերն է»։
Ֆրանսիայի հրապարակ էին եկել նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Թեւան Պողոսյանը, որոնք հորդորում էին շարժվել Բաղրամյան պողոտա եւ տուրք չտալ սադրանքներին։
Բանակցություններից հետո ցուցարարները որոշեցին բացել հրապարակի տարածքը եւ տեղափոխվել Բաղրամյան պողոտա։
Հունիսի 26-ի երեկոյան ցուցարարները մեկ անգամ էլ էին փակել խաչմերուկը, բայց մեկ ժամ անց բացել էին այն։
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։
Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին առաջարկել է աուդիտ իրականացնել Հայաստանի բաշխիչ ցանցերում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:











