Ոստիկանությունը գործողություն չի անի իր ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդը օրենքի մեջ է։ Այդ մասին Բաղրամյան պողոտայում հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որը խիստ զայրացած գոռգոռում էր՝ մի խումբ ոստիկաններով շրջապատված։
Դիմելով ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանին՝ ոստիկանապետը բղավում էր. «Սա մեր բոլորի քաղաքն է, մենք ենք այս ժողովրդի պաշտպանը։ Կանգնեք, սթափեցրեք, ազգի ընտրյալ եք։ Պրոսպեկտ եք փակում։ Սա փոքր երկիր ա, փոքր երկիր»։
Ոստիկանապետին դուր չէր եկել հավանաբար, որ պատգամավորներն ու հայտնի անձինք կենդանի պատ են կազմել ոստիկանների եւ ցուցարարների միջեւ. որպեսզի թույլ չտան բախումներ։ «Ուրեմն լսեք, ես չեմ այն անձը, որ դուք պետք է ժողովրդին մեղնից պաշտպանեք։ Մենք ենք ժողովրդի պաշտպանը։ Կենդանի շիտ եք կանգնե՞լ, մենք ենք այս երկրի թշնամի՞ն»,- ասել է նա։
«Այսինքն չկանգնե՞նք, թողնե՞նք, որ բախում լինի»,- հարցրեց Հովհաննես Մարգարյանը։
«Ի՞նչ բախում լինի, երիտասարդներին ասեք… Լսի, հոգիս, երիտասարդներին ասեք, թող ակցիան անենք, մենք ակցիային փիլիսոփայորեն մոտենում ենք, բայց դա չի նշանակում, որ ամբողք Երեւանը պետք է փակեն: Ոստիկանությունը գործողություններ չի անելու, բայց փողոցները պետք է բացել… Սթափվեք, այս երկրի համար մարդիկ են մեռել, սթափվեք…Ոստիկանությունը գործողություն չի անի իրա ժողովրդի նկատմամբ, եթե ժողովուրդը օրենքի մեջ ա»:
Իսկ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն էլ ասաց, թե զենքով մարդիկ են եղել ցուցարարների շարքերում, որոնք բերման են ենթարկվել։
Նշենք, որ այս պահին ոստիկանապետը Բաղրամյան պողոտայում գտնվող մի քանի պատգամավորների կանչել է բանակցությունների։











