Բաղրամյան պողոտայում գիշերը ժամը 2։00-ի դրությամբ իրավիճակը առայժմ լարված է, մանր միջադեպեր են լինում, որոնք, սակայն, ցուցարարների ինքնակազմակերպվածության շնորհիվ արագ մարում են։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամներին հաջողվում է բազմահազարանոց նստացույցը լիովին կառավարելի եւ նորմալ հուոնվ տանել։

Ոստիկանությունը կեսգիշերին մոտ հայտարարել էր, թե ցուցարարները փակել են Ֆրանսիայի հրապարակը։ Այս պահին իրավիճակն այդ հատվածում կարգավորվել է, միայն Մաշտոցի պողոտայով անցնող մեքենաները ազդանշաններով միանում են ցուցարարներին եւ իրենց համերաշխությունը հայտնում։

Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ գտնվող հատվածում կենդանի պատ են կազմել պատգամավորները, շոուբիզնեսի դեմքերը՝ թույլ չտալու որեւէ միջադեպ։

Իրավապահները նաեւ հեռացրել են երկրորդ՝ ավելի մեծ արգելապատնեշը, եւ այժմ միայն մեկ շարք իրավապահներ են կանգնած առաջին գծում։ Քաղաքացիները ծափերով են ողջունել ոստիկանների խմբի հեռացումը։

Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։

Այսօր նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին առաջարկել է աուդիտ իրականացնել Հայաստանի բաշխիչ ցանցերում։

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: