Ես ոստիկանական զորքերի վերաբաշխում եմ արել, Ֆրանսիայի հրապարակում լինելու է ջրցան մեքենա եւ հատուկ տեխնիկա: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, Բաղրամյան պողոտայում, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ տեղաբաշխումը տեղի կունենա ժամը 15-16-ի սահմաններում:
«Մի անհանգստացեք, ոչ մեկին չենք պատրաստվում շրջապատել, գրոհել: Արվում է նրա համար, որ եթե Երեւանի այլ փողոցներ ու հատվածներ հանկարծ փակվեն, մենք շատ խիստ տեղային օպերացիա ենք մշակելու եւ շատ խիստ ենք լինելու: Բաղրամյանը ժողովրդի սոցիալական ընդվզման կետն է, որը մենք հանդուրժում ենք: Բայց ցանկացած ուրիշ տարածքի փակում տեղում շատ խիստ պատժվելու է: Պարալիզացնել Երեւանը, թե տխմարավարի իբր իրազեկում ենք, դա իրազեկում չէ: Դա ոչ ստաբիլ վիճակ ստեղծել է, դա անպատժելիության վիճակ ստեղծել է»,-ասաց ոստիկանապետն ու հավելեց. «Բաղրամյան փողոցը փակ է, հասկացանք, ի՞նչ է նշանակում փակել Պրոսպեկտը, Թումանյան փողոցը: Կարծում եք ես դա կհանդուրժե՞մ»:
Անդրադառնալով այլ քաղաքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին, ոստիկանապետը նշեց. «Շատ լավ են անում, հանգիստ են, ոչ մի խնդիր չկա»:
Նշենք, որ հունիսի 23-ին վաղ առավոտյան ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժից հետո մարդիկ կրկին հավաքվել եւ ավելի մեծ քանակությամբ շարունակում են նստացույցը Բաղրամյան պողոտայում։
Հունիսի 27-ինԱյսօր նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին առաջարկել է աուդիտ իրականացնել Հայաստանի բաշխիչ ցանցերում։
Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով: Քաղաքացիները հունիսի 22-ին երեկոյան 19:00-ից նստացույց են սկսել Բաղրամյան պողոտայում՝ պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը:











