Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ հունիսի 27-ին, հավաքվել են Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք՝ պահանջելով վերադարձնել այս գիշեր տուգանային հրապարակ տեղափոխված իրենց մեքենաները:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ հավաքված քաղաքացիները պնդում են, որ իրենց մեքենաները տուգանային հրապարակ են տարվել առանց հիմնավորման: Նրանց խոսքով՝ իրենց մեքենաները տարել են՝ համոզված լինելով, որ կապ ունեն նստացույցի եւ Երեւանի կենտրոնական փողցները փակելու հետ:

«Իջա մածուն առնելու, հետ եկա, ոստիկաններն ասացին՝ մեքենադ քշիր տուգանային հրապարակ»,- պատմեց տաքսու վարորդներից մեկը:

Վարորդները պատմեցին նաեւ, որ ոստիկանները մեքենաները տեղափոխելու ընթացքում հայտարարել են, թե սա արվում է ոստիկանապետի հրամանով:

ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից մեզ հայտնեցին, որ տուգանային հրապարակ տեղափոխված մեքենաները բաց կթողնվեն՝ միայն բերման պատճառը վերացվելուց հետո:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հունիսի 27-ին վաղ առավոտյան երկու տասնյակ անձինք եկել են Բաղրամյան պողոտա, մոտեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին եւ պատմել, որ երեկ երեկոյից սկսած՝ ոստիկանները փողոցից մեքենաներ են բռնել, տարել Կենտրոնականի, Արաբկիրի, Շենգավիթի կամ այլ բաժանմունքներ, ապա տեղափոխել են տուգանային հրապարակ։ Ըստ վարորդների, բաժիններ են տարվել մոտ 120 մեքենաներ, որոնցից 80-ը դեռ տուգանային հրապարակում են։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ մեքենաները տարվել են՝ տարբեր վարչական իրավախախտումներ կատարելու: Դրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություններ: