Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի)  նախկին բնակիչները քիչ առաջ փակել են Երեւանի Տիգրան մեծ պողոտան, որոնց ոստիկանները հեռացրել են փոքր ուժ գործադրելով: Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց բնակիչներից Անահիտ Հովսեփյանը, որը նշեց, որ փողոցը փակել են, որպեսզի այսօր իրենց խնդիրը վերջնական լուծում ստանա:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կառավարության դիմաց հավաքված բնակիչներին մոտեցել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ տեղեկացրել, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բնակիչներին այսօր չի կարող ընդունել եւ նրանց կընդունի երկուշաբթի: Իսկ միչ այդ բնակիչներ կարող են գնալ ՀՀ քաղաքաշինության նախարարություն եւ փաստաթղթավորված ներկայացնել իրենց պահանջը: Սակայն, Երեւանի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի)  նախկին բնակիչները այս պահին կառավարության դիմաց են եւ չեն պատրաստվում հեռանալ այնտեղից:

«Սուտ եք ասում, էլի խաբում եք, թող հիմա իջնի: Հենց հիմա գրավոր ներկայացրեք, որ երկուշաբթի բոլորիս կընդունի վարչապետը»,-զայրացած ասացին բնակիչները ի պատասխան Նարեկ Սարգսյանի հայտարարությանը:

Նշենք, որ այս պահին կառավարության դիմաց բնակիչների  հետ բանակցում է  Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ նրանց վստահեցնելով, որ երկուշաբթի վարչապետը  բոլորին կընդունի: Տարածքը հսկում են երեք տասնյակից ավելի ոստիկաններ:

Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել է 188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով։