Ագությամբ եզդի Յուրա եւ Նազիկ Ամարյաններն այսօր հուլիսի 9-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակ հանձնեցին, որով պահանջում են պատժել ԴԱՀԿ աշխատակիցներին: Նազիկ Ամարյանը պատմեց, որ 2014թ. նոյեմբեր ամսին իրենք ծանուցում են ստացել, որ Ադոնցի 13 հասցեում գտնվող շենքը, որտեղ բնակվել են 27 տարի, վաճառված է եւ իրենք ստիպված են լքել այն : Ծանուցումը ստանալուց մի քանի օր անց ԴԱՀԿ աշխատակիցները գնում են իրենց տուն եւ պահանջում անմիջապես ազատել այն:
Ամարյանները լքել են բնակարանը, սակայն վերադարձել են վառելափայտի հետեւից: Այդ ժամանակ ԴԱՀԿ աշխատակիցներ նրանց հետ վեճի են բռնվել, հայհոյել, որպես ազգային փոքրամասնություն վիրավորել եւ մարմնական վնասվածքներ հասցրել:
Այնուհետեւ ԴԱՀԿ աշխատակիցները Ամարյաններին խնդրել են բողոք չներկայացնել, իրենք նույնպես խոստացել են չբողոքել եւ ամեն ինչ հարթել: Ամարյաններ հենց այդպես էլ արել են, սակայն մի քանի ամսից դատարանից ծանուցում են ստացել, որ Յուրա Ամարյանի դեմ քրեական գործ է հարուցվել ԴԱՀԿ աշխատակիցներին ծեծելու մեղադրանքով:
« ԴԱՀԿ աշխատակիցները ինձ վիրավորելով ու հայհոյելով ծեծում էին եւ տղաս ինձ պաշտպանել է, նրանք բավականին մարմնական վնասվածքներ են հասցրել:Իմ տղային դեպքից անմիջապես հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն ոստիկանությունը չի թույլատրել, որ հիվանդանոցում նրան բուժօգնություն տրամադրեն եւ այդտեողից տարել են անմիջապես հարցաքննության»,-ասաց Նազիկ Ամարյանը՝ հավելելով, որ պետությունը նրանց հանրային պաշտպան է տրամադրել, որից պատրաստվում են հրաժարվել, քանի որ նա պատշաճ օգնություն իրենց չի ցուցաբերում :
Նազիկ Ամարյանի խոսքով՝ պաշտպանը նրանց փորձել է համոզել, որ մեղքը վերցնեն իրենց վրա, որպեսզի Յուրա Ամարյանը ավելի քիչ պատիժ կրի:
«Սինջար» եզդիների միության անդամ Բորիս Մուրազին, որը նույնպես Կառավարության մոտ էր, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե ՀՀ Կառավարությունը այս գործին արդարացի լուծում չտա, իրենք կդիմեն ՄԻԵԴ:











