Քալիֆորնիայի Գարդենա քաղաքի դատավոր Սթեֆեն Ուիլսոնը պարտավորեցրել է ոստիկանությանը հրապարակել 2013թ. մի դեպքի տեսագրությունը, թե ինչպես են իրավապահները գնդակահարում երկու լատինամերիկացիների։ Արդյունքում 34-ամյա Ռիկարդո Դիաս-Զեֆերինոն մահացել էր, իսկ նրա ընկերը ծանր վնասվածքներ է ստացել, հաղորդում է Vesti-ն։

Թեեւ միջադեպը տեղի է ունեցել 2013թ. հունիսի 12-ին, տեսագրությունը հրապարակվել է միայն այժմ։ Տեսանյութում ստակ երեւում է, որ ձերբակալված լատինոսները ձեռքները վեր պարզած, առանց դիմադրելու լսում են թվով գերակշռող ոստիկանների հրահանգները։ Ինչ-որ պահի Դիաս-Զեֆերինոն ձեռքը տանում է գլխարկին՝ ցույց տալու, որ դրա տակ ոչինչ չկա, եւ ոստիկանները սկսում են կրակել։ Ռիկարդո Դիաս-Զեֆերինոն տեղում մահացել էր։ Ընդ որում, հստակ երեւում է, որ լատինաամերիկացիները չեն դիմադրում, կատարում են ոստիկանների հրահանգները։

Տեսանյութը կարող էր նախկինում էլ հրապարակվել, եթե չլիներ Գարդենա քաղաքի փաստաբանների բուռն դիմադրությունը։ Ի վերջո, դատարանը հրահանգել է ապահովել հրապարակայնությունը։ Գարդենայի ոստիկանապետ Էդ Մեդրանոն միայն տեսանյութի հրապարակումից հետո է ցավակցություններ հայտնել սպանվածի ազգականներին, հայտարարել, թե մեղավորների դեմ քննություն է սկսվել։