Արարատի մարզի Հայանիստ գյուղում ժամանակավորապես բնակվող Արթուր Սոբչենկոն խանդի հողի վրա հրազենային վնասվածք է հասցրել իր գործընկերոջը: Այս մասին ոստիկանության Մասիսի բաժնում խոստովանական բացատրություն է տվել Սոբչենկոն: 

Ըստ բացատրության՝ դեպքի օրը տուժողը Սոբչենկոյի հետ  իր վագոն-տնակում է եղել:  Սեղան էին նստել, հաց կերել, ոգելից խմիչք օգտագործել: Հետո խաղաղ կերուխումն ընդհատվել էր անցանկալի իրադարձություններով:

«Էկա, տեսա, որ կնգաս մեջքը բաց էր, կասկածեցի, որ մի բան էն չի: Հետո էդ տղուն փող տվեցի,  գնաց խանութ, կնգաս հետ կռիվ արեցի, ասեց՝ էդ ձեւի բան չի եղել, ես էլ գնացի, զենքը վերցրի, եկա խփեցի»,- բացատրություն տալիս ասել է Սոբչենկոն: 

Կասկածյալի պատմելով՝ կրակելուց հետո կնոջ հետ փորձել է տան պայմաններում օգնություն ցույց տալ վիրավոր գործընկերոջը, բայց, տեսնելով, որ նրա վիճակն ավելի է վատանում, ստիպված դիմել է բժիշկների օգնությանը: Կասկած չհարուցելու համար Սոբչենկոն հորինել էր մի պատմություն, ըստ որի, տուժողը վիրավոր է եղել եւ դիմել է իրեն օգնության համար:  

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հանցագործության գործիք «ՏՕԶ» հրացանն առգրավվել է: Կատարվում է քննություն:

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում