ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերում առկա փոխադարձ անվստահության մթնոլորտը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը` անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչ է անում Մինսկի խումբը Ադրբեջանում ատելության սերմանումը կանխելու ուղղությամբ:

«Մեզ մտահոգում է վստահության բացակայությունը երկու կողմերում էլ։ Այդ անվստահությունը խոչընդոտում է կարգավորման գործընթացը։ Վստահության վերականգնումը մեկ գիշերվա մեջ չի լինի, դա երկարատեւ գործընթաց է։ Ոչ վաղ անցյալում հայերն ու ադրբեջանցիները ապրում էին կողք կողքի, ամուսնանում իրար հետ, աշխատում իրար հետ, բայց այդ ժամանակներն անցյալում են։ Ադրբեջանցիների եւ հայերի նոր սերունդ է մեծանում, որոնք երբեք միմյանց հետ շփվելու առիթ չեն ունեցել։ Մենք պետք է փոխվստահության ձեւավորման միջոցառումներ ձեռնարկենք։ Եվ եթե մենք ձգտում ենք տեւական կարգավորման, դա չի կարող լինել միայն փաստաթղթերով։ Այն պետք է հիմնված լինի երկու ժողովուրդների փոխադարձ վստահության վրա»,–ասաց Ուորլիքը։

Տեսանյութը՝ «Արմենիա» հեռուստաընկերության