Էջմիածնի Շուշանիկ Կուրղինյան փողոցի 3–րդ տան առջեւ մեկ շաբաթից ավելի քաղաքացիների կուտակումներ են. գալիս են տեսնելու «հրաշքը»` տան դրսի պատին մութն ընկնելուն պես հայտնվող խաչի պատկերը։
Առեղծվածային խաչը տեսնելու են գալիս ոչ միայն էջմիածնից ու մոտակա գյուղերից, այլեւ այլ մարզերից։ Հիմնականում գալիս են` զուտ հետաքրքրությունից դրված, ոմանք հեռանում են` համոզված, որ «հրաշքը» պարզ բացատրություն ունի` դիմացի տան պատուհանի արտացոլանքն է, մյուսները գնում են` պատմելու հարեւաններին, որ կատարվածն իսկական հրաշք է, եւ մյուս օրը հարազատների հետ վերադառնալու որպես սրբատեղի։
Մեր այցելության օրը տան բակը կրկին մարդաշատ էր, հավաքվածները վիճում էին իրար հետ` արդյոք այն, ինչ տեսնում են, սովորական տեսողական խաբկանք է, թե հրաշք։
Թերահավատներից ամենահամառները ծածկեցին դիմացի տան պատուհանը, որտեղից ենթադրվում էր, որ խաչ հիշեցնող շողքն ընկնում է հարեւանի տան պատին, եւ պատկերն անհետացավ։
Սա ոչ միայն չհամոզեց հրաշքին հավատացողներին, այլեւ վեճի առիթ դարձավ. վերջինները թերահավատներին սկսեցին մեղադրել անհավատության մեջ։
Այնուամենայնիվ, տանտերերին խնդրեցինք պատմել իրենց տան առեղծվածի մասին։ Նրանց խոսքով` առաջին անգամ խաչի պատկերը տեսել է իրենց Մարիամ անունով դուստրը Վարդավառին` իր նշանդրեքի օրը։ Հարեւանների շրջանում պտտվող լուրն աստիճանաբար տարածվել է ամբողջ մարզում ու դրանից դուրս։ Այդ ժամանակվանից սկսած` տան բնակիչները երեկոյան ժամերին դուրս չեն գալիս` հետաքրքրասեր հայացքներից ու հարցերից խուսափելու համար։ Ի դեպ, նրանք, ովքեր հավատում են հրաշքին, տան մոտից չեն հեռանում նույնիսկ ցերեկը, երբ խաչը չի երեւում։ Նրանց այնտեղ են պահում խոսակցությունները, որ տարբեր հիվանդություններով մարդիկ այցելությունից հետո վիճակի կտրուկ թեթեւացում են զգացել։
Ի դեպ, մթության մեջ մեր տեսախցիկը խաչը չի ֆիքսել։

Լուսանկարը՝ Ռաֆայել Փիլոյանի ֆեյսբուքյան էջից











