Գյումրիում նախորդ օրը առավոտյան վթարի ենթարկվելուց րոպեներ անց ծննդաբերած 30–ամյա Աննա Նալբանդյանի վիճակը կայուն է, գլխի պատռվածքը կարելուց հետո այժմ նրանով զբաղվում է նեյրովիրաբույժը։
NEWS.am-ի հետ զրույցում, Աննան պատմեց, որ ծննդաբերել է բնական ճանապարհով, չնայած վնասվածքին, ծննդաբերությունը հաջող է անցել, 3 կգ դուստր է լույս աշխարհ բերել, անունն էլ դրել Անգելինա։
«Քանի որ կարծում եմ, որ աղջիկս ինձ փրկեց, նրան հրեշտակ եմ անվանել։ Վթարից շատ էի վախեցել, բայց այդ պահին մտածում էի երեխաներիս մասին»,– ասաց Աննան, որը բացի Անգելինայից եւս երկու երեխա ունի` տղա եւ աղջիկ։
Անգելինայի առաջին այցելուներից մեկը «Օփել» մակնիշի մեքենայի վարորդն էր, որին բախվել էր Աննային տեղափոխող մեքենան։
Դեպքի պահին Աննան եղբոր մեքենայով Աշոցքի շրջանից Գյումրի էր գալիս ծննդաբերության, չուշանալու համար Աննան եղբորը խնդրել էր ավելի արագ քշել։ Մեքենան խաչմերուկում բախվել էր դեմ դիմաց դուրս եկած մեքենային։ Աննային հիվանդանոց են տեղափոխել օգնության հասած քաղաքացիները։
Աննան ու իր դուստրը մի քանի օր կշարունակեն մնալ հիվանդանոցում` բժիշկների հսկողության տակ։
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հղի կնոջ մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Գյումրիում։ Կինը գլխի պատռվածքով տեղափոխվել է Գյումրիի ծննդատուն, որտեղ րոպեներ անց աղջիկ է ունեցել:













