Հանրապետական հավաքակայանում այսօր՝ հուլիսի 24-ին, ամառային զորակոչի հերթական փուլն էր. ծնողները ծառայության էին ճանապարհում նորակոչիկներին։
Հավաքակայանի ներսում եւ դարպասներից դուրս տրամադրությունները տարբերվում էին. ծնողները եւ հարազատները մտահոգ էին, մինչդեռ նորակոչիկները լավ տրամադրություն ունեին. արդեն հասցրել էին մտերմանալ իրար հետ եւ միմյանց խորհուրդներ տալ, թե ինչպես պետք է իրենց պահեն ծառայության առաջին օրերին եւ հետագայում, իրար փոխանցում բանակում արդեն ծառայած իրենց ավագ եղբայրների եւ ընկերների խորհուրդները։
«Ինձ խորհուրդ են տվել` ոնց պահեմ ինձ բանակում, բայց ես իմ պրինցիպներն ունեմ, ես գիտեմ` ինչպես ինձ պահեմ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց արթիկցի Տարոն Փիչախչյանը։
«Նոր կյանք է մեզ սպասվում: Պետք է հարմարվել եւ ծառայել: Ամենակարեւորը լավ տրամադրված լինելն է, որովհետեւ ծառայում ենք հայրենիքի պաշտպանությանը»,- ասաց նորակոչիկ Արմեն Հովհաննիսյանը։
Արարատի մարզի Այգավան գյուղի բնակիչ Հովհաննես Գրիգորյանը, որը վիճակահանությամբ ծառայության կմեկնի Արցախ, ասաց, որ դրանից չի տխրում, ընդհակառակը, ուրախանում է: Նա բանակում խնդիրներ չունենալու համար հատուկ մարտավարություն ունի. «Ավելի լավ է համեստ պահես քեզ, շատ չխոսաս, աչքի չընկնես, մնացածը հետագայում»,- ասաց երիտասարդը:
Գյումրեցի Գոռ Կարապետյանի մայրը՝ Գյուլնարա Էլոյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ վիճակահանության արդարությանը միշտ կասկածել է, սակայն երբ պարզվել է, որ որդին Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում է ծառայելու, հակառակում է համոզվել եւ չի կարողացել զսպել ուրախության արցունքները:
Կինը պատմեց, որ տղան բարձր տրամադրությամբ է գնացել զորակոչի, եւ մյուս մայրերին էլ խորհուրդ տվեց միայն բարձր տրամադրությամբ որդիններին բանակ ճանապարհել։
«Տղայիս տրամադրությունը բանակ զորակոչվելուց առաջ շատ լավ էր, դեռ մի բան էլ ասում էր՝ ի՞նչ ա եղել, տղա՞ չենք, կգնանք, կծառայենք, կգանք»,- ասաց նորակոչիկի մայրը:











