Ինտերնետային «SOS» նախագծի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ Ոստիկանության ներկայացրած քաղաքացիարավական հայցադիմումի մեջ հակասություններ կան, դատարանը պետք է այն վարույթ չընդուներ: Այս մասին այսօր՝ հուլիսի 28-ին, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Ասպարեզ» լրագրողական ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, որի որդին` Հայկ Բարսեղյանը նույնպես հաղորդման հեղինակներից է։

«Ոստիկանությունը հաշվի չի առել, որ Ոստիկանությունը չի կարող վիրավորվելու հատկանիշ ունենալ. Կառավարությանն անընթեր մարմինը Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված բոնվանդակությամբ եւ ծավալով չի կարող վիրավորվել, չկա նման բան, բայց ինքը հայցով դիմել է որպես վիրավորված անձ»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Լրագրողը կարծում է, որ Ոստիկանության ներկայացուցիչները դատարանում պետք է պարզաբանեն, թե Ոստիկանությունը ինչպես է վիրավորվել. «Ոստիկանության ո՞ր մոմենտն է վիրավորվել, ասենք` Նալբանյանի վրայի շե՞նքն է վիրավորվել, Վովա Գասպարյա՞նն է վիրավորվել, թե՞ բյուջեն է վիրավորվել, կույր աղի՞քն է ցավում վիրավորվածությունից. էս հարցերին ու մոտ 40 նմանատիպ հարցերի պետք է պատասխանեն Ոստիկանության ներկայացուցիչները»:

Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ հակասություններ կան հայցդիմումի երկրորդ եւ վերջին էջերի միջեւ:

«Երկրորդ էջում գրված է հայցվոր՝ Ոստիկանության ներկայացուցիչ այսինչ այսինչյան, եւ երկու համահայցվորներ: Ամբողջ հայցից հետո, վերջում արդեն գրված է՝ Ոստիկանության ներկայացուցիչնե`ր երեք հոգու անուն ազանուն: Հայցը պիտի վերադարձվեր, որպեսզի կռահեին` իրենցից ով է ուզում հայցվոր լինել, ով չի ուզում հայցվոր լինել»,- ասաց Բարսեղյանը:

Լեւոն Բարսեղյանի կարծիքով, Ոստիկանությունը պետք է «սթափվի» եւ ետ վերցնի իր հայցադիմումը,  հակառակ դեպքում կպարտվի:

«Սթափվելն ամենաճիշտն է: Երեւի շուտ-շուտ նայեն իրենց այդ Վովա Գասպարյանի ելույթը եւ փորձեն սթափվել, դզվել, ուրիշ ելք չկա»,- ասաց Բարսեղյանը եւ վստահեցրեց, որ եթե բավարարվի հայցը, խոշոր ակցիաներ կսկսվեն Ոստիկանության դեմ. «Էդ երկու միլիոն դրամը  գաղափարների կողքին ոչնչություն է, ի՞նչ է եղել, կհավաքեն կտան: Ամեն դեպքում կտուժի Ոստիկանությունը»:

Լեւոն Բարսեղյանը հույս ունի, որ եթե անգամ առաջին ատյանի դատարանը արդարացի որոշում չկայացնի, միեւնույնն է, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդարությունը կվերականգնվի. «Ես բազմաթիվ օրինակներ ունեմ, որ անգամ անօրինական որոշումներից հետո Վերաքննիչ, Վճռաբեկ եւ ի վերջո Մարդու իրավունքների եվրոպական դատարանով ջարդվել են նմանատիպ որոշումները, որոնք կայացվել է այս ատյանում»:

Ըստ նրա` նմանատիպ հայցն անհաջող փորձ էր վախեցնելու «SOS» հաղորդման անձնակազմին. «Մտածել են` բերեք, դատի տանք, մի քիչ գնանք գանք, նեղություն լինի, ջահել են, կարողա վախենան: Ինչպես տեսանք, Ոստիկանությունն իր հաշվարկների մեջ շատ-շատ սխալվել է»:

Նշենք, որ հայցով պահանջվում է քաղաքացիա-իրավական պատասխանատվության ենթարկել  «SOS»-ի հաղորդավարին` հրապարակային ներողություն խնդրել Ոստիկանությունից եւ Ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանից, Սերգեյ Զաքարյանից, նաեւ վճարել նրանց փոխհատուցում` նվազագույն աշխատավարձի 1000–ապատակի չափով, «SOS» հաղորդման 11-րդ թողարկման  ընթացքում ոստիկաններին «շան տղերք» անվանելու համար: Նշենք, որ համացանցում մեծ լսարան ունեցող հաղորդման ժամանակ այս արտահայտությունն օգտագործվել է` անդրադառնալով մայիսի 13-ին, նախագահական նստավայրի դարպասների մոտ բանակում մահացած զինվորների սեւազգեստ մայրերին փողոցով քարշ տալու միջադեպին: